Սիրիահայերն ակտիվ մասնակցում են Սիրիայի խորհրդարանական ընտրություններին
Սիրիահայերն ակտիվ մասնակցում են Սիրիայում ընթացող խորհրդարանական ընտրություններին: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Սրբ. Արք. Սարգիսյանը, հալեպահայ կազմակերպությունների ներկայացուցիչները, միսանական թեկնածու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը, Ազգային վարչության անդամները միասին գնացել են ընտրատեղամաս և կատարել իրենց ընտրությունը:
Սիրիայի Ժողովրդական խորհրդի 250 տեղի համար պայքարում է 3500 թեկնածու: Հալեպահայերի միասնական թեկնածուն է Ժիրայր Ռեիսյանը, Դամասկոսից ընտրություններին մասնակցում է երեք անկախ հայ թեկածու՝ Նորա Արիսյանը, Երատո Գրիգորյանը, Վահե Մահշիկյանը:
Նշվում է, որ ընտրություններին մասնակցել է նախագահ Բաշար Ասադն իր կնոջ հետ:
Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում գործող ավելի քան 7000 ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ին ու կփակվեն ժամը 19:00-ին։ Գերագույն հանձնաժողովի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում ընտրությունները կարող են երկարացվել 5 ժամով:
Այս ընտրություններն երկրորդն են Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:
Սիրիայի օրենսդիր մարմնի անդամների ընդհանուր թիվը 250 է:
Լուսանկարները՝ «Գանձասարից»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
- Ժիրայր Ռեիսյանը մասնակցում է Սիրիայի խորհրդարանական ընտրություններին