Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ
Այսօր Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի նստաշրջանում ընդունվեց Թուրքիայի 2015թ․-ի զեկույցը։ Զեկույցը բավական խիստ քննադատության է ենթարկում Թուրքիային՝ արձանագրելով, որ Թուրքիայում բարեփոխումները ոչ միայն դանդաղել են, այլ որոշ առանցքային ոլորտներում, ինչպիսիք են խոսքի ազատությունը, դատական համակարգի անկախությունը, տեղի է ունեցել ակնհայտ ռեգրեսիա։
Ընդունված փաստաթղթում խորհրդարանականները նաև վերահաստատում են Թուրքիայի և նրա հարևանների միջև լավ հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, ինչը, ինչպես ասվում է բանաձևում, Շրջանակային բանակցությունների հիմնարար մասն է և ընդլայնման գործընթացի կարևոր տարր։
Այս համատեքստում, բանաձևով Թուրքիային կոչ է արվում ջանքեր գործադրել հարևանների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքին համապատասխան։
Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին՝ կարգավորել իրենց հարաբերությունները՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելով։ Նշվում է նաև, որ անհրաժեշտ է բացել Թուրքիա-Հայաստան սահմանը, որը կարող է տանել հարաբերությունների բարելավման՝ միջսահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման միջոցով։
Բանաձևում հղում է կատարվել նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 2015թ․-ի ապրիլի 15-ին ընդունած բանաձևին, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը։ Ցեղասպանության դրույթի ներառումը բանաձևում զայրացրել է Թուրքիային։
Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների նախարար Վոլքան Բոզքըրը Վիեննայում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ այս պատճառով Թուրքիան չի ճանաչելու զեկույցը և այն հետ է ուղարկելու Եվրոպական խորհրդարան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան