ՀԿ-ն դիմել է ԱԽ-ին՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար
ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դիմում է ներկայացրել՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է. «Ավելի վաղ նշել ենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ մերժեց վարույթ ընդունել Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ շահառուներ` Երևանի մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով նրանց ներկայացուցիչ Քրիստինա Գևորկյանի վճռաբեկ բողոքը և 16.12.2015թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
04.03.2016թ. փաստաբանը դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դատավոր Սիմիզար Հովսեփյանին՝ դատական ակտը ուժի մեջ մտնելու նշում կատարելու և կատարողական թերթերի տրամադրման համար:
1. ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.
«1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:
2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ..:»
Մեկ ամսից ավելի է դատավոր Սիմիզար Հովսեփյանը չի շտապում տրամադրել ուժի մեջ մտած վճիռները և կատարողական թերթերը: Նշված ժամանակահատվածից սկսած փաստաբանը ունեցել է բազմաթիվ հեռախոսազրույցներ դատավոր Հովսեփյանի օգնականի և գործավարի հետ, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը չեն կարողացել բացատրել թե ինչումն է խնդիրը, ինչու մինչ օրս մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներին չեն տրամադրվում նշված փաստաթղթերը: Նախավերջին հեռախոսազրույցի ժամանակ՝ մոտ երկու շաբաթ առաջ օգնականը ներողամտություն հայցեց և հաղորդեց, որ դատավորը խնդիր ունի վճիռը «հասկանալու» հետ, սակայն մեզ անպայման կտրվեն նշված փաստաթղթերը: Վճիռը «հասկանալու» համար առաջարկվել է նաև խորհրդակցել Վերքաննիչ դատարանի որոշում կայացնող դատավորների հետ (Ա.Խառատյան, Կ.Հակոբյան, Տ.Նազարյան): Իսկ արդեն վերջին հեռախոսազրույցի ժամանակ՝ անցյալ շաբաթ, օգնականը փաստաբանին առաջարկեց իր դժգոհությունները փաստաթղթերը չտրամադրելու մասին հայտնել հենց դատավոր Ս.Հովսեփյանին` այցելելով դատարան և դատավորի հետ առանձնազրույց ունենալ դատական նիստերի դահլիճում:
Դատավորի օգնականը նաև չի նշել, որ գործը վերադաս դատարանից չի փոխանցվել, ինչը հերքվում է նաև այն փաստով, որ նրանք խոստացել են տրամադրել կատարողական թերթերը և վճիռը այն ժամանակ, երբ գործը կփոխանցվի:
Փաստաբանի մոտ առաջանում է տրամաբանական հարց՝ ինչ˚ու կամ ինչ˚ի մասին պետք է խոսի դատավորի հետ և ինչ˚ու պետք է սպասի մեկ ամսից ավելի այն պատճառով, որ դատարանը պատշաճ չի կատարում իր պարտականությունները:
Իսկ գուցե դատական ակտն է այնքան խրթին և հակասական գրված, որ անգամ դատարանը չի կարողանում այն հասկանալ և կատարողական թերթ ձևակերպել: Փաստաբանը իր բողոքներում բազմիցս ներկայացրել է այն իրավական և ձևակերպման խնդիրները, որոնք առկա են սույն գործով տարբեր ատյանի դատարանների կայացրած դատական ակտերում, սակայն դրանք անհետևանք են մնացել և անգամ Վճռաբեկ դատարանի ուշադրությանը չեն արժանացել:
Այժմ դատարանն ինքը «գլուխ չի հանում» կայացված դատական ակտից, որպեսզի կարողանա կատարողական թերթ տրամադրել:
Քրիստինա Գևորկյանը ՀՀ Արդարադատության նախարարից և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդից պահանջում է դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ և պատասխանատվության ենթարկել իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար և մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների իրավունքների վերականգնում` վճռի կատարումը գործող օրենսդրության շրջանակներում առավելագույն սեղմ ժամկետում ապահովելու համար»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին