Պատերազմը դժվարություններից բարդագույնն է. Տեր Գեղարդ աբեղա
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած չորսօրյա պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից առաջ և հետո, հոգևորականները եղել են հայ զինվորի կողքին:
«Մշտապես այդպես է եղել ու այդպես էլ կլինի»,- ասում են հոգևորականները՝ հիշեցնելով Ավարայրի ճակատամարտը, նաև տարբեր ինքնապաշտպանական մարտեր, որոնք հենց եկեղեցու սպասավորներն էին կազմակերպել:
Panorama.am-ի հետ զրույցում Արցախի երկրորդ պաշտպանական զորամասի հոգևոր սպասավոր Տեր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը նշեց, որ հոգևորականը պետք է դժվարին պահերին մշտապես լինի իր ժողովրդի կողքին:
«Պատերազմը դժվարություններից բարդագույնն է, որտեղ պետք է իր ներկայությունն ունենա նաև հոգևորականը: Հոգևորականի զենքը խաչն է, բայց պատերազմի ժամանակ հայրենիքը պահպանելու համար պետք է զենք վերցնել: Այդ օրերին զենքն ու խաչը միասնաբար պետք է լինի հոգևորականի ձեռքին: Հոգևորականին արգելված չէ զենք վերցնել: Ես ինքս պատրաստ եմ կյանքս տալ հայրենիքիս, քանի որ առաջին հերթին հայ եմ, երկրորդ՝ գիտակցում եմ, որ հայրենիքը պահելու, պաշտպանելու համար պետք է զենք վերցնել»,- ասաց Տեր Գեղարդ աբեղան:
Նա ընդգծեց, որ խաչով կարող է օրհնել, պահպանություն խնդրել, իսկ կյանքը, նվիրումը հայրենիքին, հայրենասիրությունը պահանջում է՝ մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք:
Արցախի երկրորդ պաշտպանական զորամասի հոգևոր սպասավորի խոսքով, այդ չորս օրերին, ինչպես նաև հիմա, բոլոր հոգևոր սպասավորներն իրենց զինվորների կողքին են, լինում են թե թիկունքում, թե առաջին գծում, թե զորամասերում:
«Զինվորը տեսնելով հոգևորականին՝ ավելի է ոգևորվում, հոգևորականի ներկայությունն ապահովում է զինվորների մարտական ոգին, ուժ է տալիս: Հոգևորականն էլ իր հերթին տեսնելով զինվորներին, ուժ է գտնում իր մեջ, հպարտություն, որ այսպիսի հզոր բանակ ունի, այսպիսի կամքի ուժ ունեցող զինվորներ, որ աննահանջ կանգնած են: Աստված մեզ հետ է, Աստված պահապան ու զորավիգ է հայ մարտիկին, հայ ժողովորդին»,- ասաց Տեր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան