Անբարեխիղճ մրցակցության դրսևորման մի քանի գործ ուղարկվել է ՌԴ գործընկերներին. Արտակ Շաբոյան
Հայաստանի ՏՄՊՊՀ-ի հետ համատեղ իրականացվող աշխատանքը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ և արդյունավետ պայքարել անդամ երկրներում մրցակցության ոլորտին առնչվող խնդիրների լուծման համար: Երևանում ընթացող ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության հարցերով նախարար Նուրլան Ալաբերգենովը: Նա բարձր գնահատեց ՀՀ մրցակցային մարմնի հետ համագործակցությունը:
ՀՀ ՏՄՊՊ նախագահ Արտակ Շաբոյանն էլ նշեց, որ համատեղ վարույթներ են իրականացրել տնտեսության մի շարք կարևոր ոլորտներում, որոնք նաև հետաքրքրություն են ներկայացնում սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից:
«Խոսքը վերաբերում է ավիափոխադրումների, երկաթուղային բեռնափոխադրումների, բենզինի, հեռահաղորդակցության ռոմինգ հեռախոսակապի, դեղերի, շինանյութի, ցորենի, ալյուրի, պարենային մի շարք այլ ապրանքների շուկաներին: Սրանք սոցիալական նշանակության առավել կարևոր շուկաներ են, հետևապես գտնվում են մշտական վերահսկողության տակ»,- ասաց Ա.Շաբոյանը:
Նա առանձնացրեց ռոմինգ հեռախոսակապի սակագների խնդիրը, որտեղ կոնկրետ դրական արդյունքներ են արձանագրվել: Նա տեղեկացրեց, որ «ԱրմենՏել» ընկերությունն արդեն իսկ 65 տոկոսով իջեցրել է սակագները, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ժև «Ucom» ընկերությունները նվազեցրել են միջօպերատորական սակագները, որոնք հաջորդ ամսվանից սկսած իրենց ազդեցությունը կթողնեն սպառողների համար սահմանված սակագների վրա՝ մոտ 50-60 տոկոսի չափով:
Ա.Շաբոյանը խոսեց նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում բացահայտված իրավախախտումների մասին՝ նշելով, որ այս գործը ներկայումս գտնվում է երկու երկրների մրցակցային մարմինների համատեղ վարույթում:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ անբարեխիղճ մրցակցության դրսևորման ևս մի քանի գործ ուղարկվել են ՌԴ գործընկերներին, որոնցից մեկն էլ վերաբերում է ռուսական UT-Air ավիաընկերությանը: ՏՄՊՊՀ-ի կողմից ընկերության վարքագծի հետ կապված հարցի բարձրացումից հետո ռուսական կողմը վարույթ է հարուցել և իրավախախտման դրսևումներն անմիջապես կանխվել են:
Ըստ նրա, այս պահին հարուցված են վարչական վարույթներ ռուսական «Աէրոֆլոտ» և «Սիբիր ավիա» ընկերությունների նկատմամբ, որոնց գործերը շուտով կուղարկվեն Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն:
Նշենք, որ ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրներից 30-ից ավելի պաշտոնյաներ: Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 15-ամյակի շրջանակում, որը նշվում է այս տարի:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը բարձրաձայնեց տնտեսվարողներին հուզող հարցի մասին
- ՌԴ-ում առևտրային ցանցերը խոչընդոտում են հայկական ընկերությունների մուտքը մանրածախ առևտրի ոլորտ. Շաբոյան
- Երևանում ընթանում է ԵԱՏՄ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով ընդլայնված նիստը