ՌԴ պաշտոնյաների անհեռատես հայտարարությունները բացասական արձագանք են ստացել ՀՀ-ում. պատգամավոր
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հավասարակշռության աննշան խախտումը ծանր հետևանքներ կարող է ունենալ ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին այսօր ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստում հայտարարեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նա խոսեց նաև Հայաստանում ստեղծված հակառուսական տրամադրությունների մասին՝ նկատելով, որ ՌԴ որոշ պաշտոնյաների «անզգույշ» արտահայտությունները բացասական ազդեցություն են թողել հայ հանրության վրա:
«Միևնույն ժամանակ ՌԴ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անհեռատես և անզգույշ հայտարարությունները արդարացիորեն բացասական արձագանք են ստացել հայ հասարակության շրջանում: Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի անվտանգության և դրանով իսկ ամբողջապես ՀԱՊԿ-ի համար:
Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել սպառնալիքները, վաղը հնարավոր է ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ: Հաշվի առնելով նաև Թուրքիայի անուղղակի և ուղղակի քայքայիչ ներգրավվածությունը տարածաշրջանի ապակայունացմանը», -հավելեց պատգամավորը:
Նշենք, որ ռուս գործընկերների հետ համատեղ նիստը բացման խոսքի ելույթներից հետո անցկացվում է դռնփակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան