Առողջապահության համակարգը չորսօրյա պատերազմի ժամանակ` ըստ ԱՆ-ի
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական վերջին իրադարձությունների, չորսօրյա արյունալի պատերազմի ժամանակ ևս բժիշկները հայտնվեցին զինվորի կողքին՝ առաջնագծում: Այս ռազմական գործողությունները փորձություն էր ոչ միայն զինվորների, այլև բժիշկների համար:
Որքանո՞վ էր առողջապահության համակարգը պատրաստ նման կայծակնային գործողություններին:
Ահա այս թեմայի շուրջ էր Panorama.am-ի թղթակցի զրույցը ՀՀ առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանի հետ:
Նրա խոսքերով՝ առաջին իսկ պահից ոչ միայն պրոֆեսիոնալ բժիշկները, այլև ապագա բժիշկներն իրենց պատրաստամակություն են հայտնել մեկնել պատերազմական գոտի:
«Նրանց կողմից առաջնագիծ մեկնելու ցանկությունն աննախադեպ էր: Հարյուրավոր բժիշկներ, բուժքույրեր, նույնիսկ բժշկական համալսարանի ուսանողներ դիմում էին առողջապահության նախարարություն՝ կամք հայտնելով անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախում մարտական գործողությունների առաջին իսկ օրից ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատանքները համակարգել է իրավիճակին համապատասխան։
Այդ օրերին նախարարությունն անցել է ուժեղացված ռեժիմի, սահմանվել են շուրջօրյա հերթապահություններ և սկսվել են բժշկական կամավորական բրիգադների ձևավորումը, որոնք անհրաժեշտության դեպքում անմիջապես տեղափոխվում էին ԼՂՀ և Սյունիքի բժշկական կենտրոններ, քանի որ հենակետային հիվանդանոցներ էին բացել նաև Սյունիքում՝ հիմնականում Գորիսի բժշկական կենտրոնի բազայի վրա:
Ըստ նրա՝ Արցախի Հանրապետություն մեկնած բժիշկներն անցել են ռազմաբժշկական վարչության, ինչպես նաև ԼՂՀ առողջապահության նախարարության տրամադրության տակ և մասնագիտական գործունեություն են ծավալում ԼՂՀ-ի բժշկական կազմակերպություններում և դաշտային հոսպիտալներում:
Սամվել Սողոմոնյանի խոսքերով ՝ ձևավորված մասնագիտական խմբերում հիմնականում ընդգրկված են ընդհանուր վիրաբույժներ, վնասվածքաբան-օրթոպեդներ, նյարդավիրաբույժներ, անոթային, պլաստիկ և վերականգնողական վիրաբույժներ, շտապօգության բիգադներ՝ համապատասխան մեքենաներով:
«Ըստ մեր վերլուծական տվյալների, ելնելով վիրավորներին մատուցած բժշկական ծառայության արագությունից, որակից և այն թվաքանակից, թե քանի վիրավորի դեպքում քանի մահ ենք ունեցել, ինչպես նաև քանիսին է հաջողվել փրկել, ապա պետք է ասեմ, որ առողջապահության համակարգն այս քառօրյա պատերազմի ժամանակ դրսևորեց միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան պատրաստվածություն և արձագանք: Նշեմ, որ բոլոր վիրավորներից մենք հոսպիտալային օղակում կորցրեցինք ընդամենը մեկին: Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ հաջողվեց մարտադաշտից հիվանդին հասցնել մինչև վիրահատարան ՝ մենք կարողացել ենք տուժածին փրկել: Միայն մեկ դեպքում չհաջողվեց, քանի որ վիրավորի գրեթե բոլոր օրգանները վնասվել էին արկի պայթյունից և դրանք համատեղելի չէին կյանքի հետ»,-հայտնեց Սամվել Սողոմոնյանը:
Հաջողվել է նաև ԼՂՀ բժշկական կազմակերպություններից տուժածներին տեղափոխել Գորիսի հիվանդանոց, այնուհետև՝ Երևան, որը շատ կարևոր է ռազմաբժշկական գործունեության արդյունավետության տեսակետից:
«Չի կարելի վիրավորին մինչև ավարտական բուժման փուլը թողնել նույն տեղում, մենք անընդհատ պետք է բեռնաթափենք Արցախի հիվանդանոցները, որպեսզի նոր հնարավոր վիրավորներ լինելու դեպքում հիվանդանոցներն անհրաժեշտ բուժօգնություն ցույց տան: Մենք հիվանդներին անհրաժեշտության դեպքում տեղափոխում էինք ուղղաթիռներով: Նրանք այն վիրավորներն էին, որոնք անհապաղ արագ Երևան հասցնելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ցույց տալու անհրաժեշտություն ունեին»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնն իր կադրային համալրվածությամբ, սարքավորումների հագեցվածությամբ ոչնչով չի զիջում, շատ դեպքերում նույնիսկ ավելին է, քան Երևանի խոշոր բժշկական կենտրոնների հագեցվածությունը, սակայն բեռնաթափում պետք է լիներ:
Ըստ նրա՝ Արցախում իրականացվել են ամենաբարդ վիրահատություններ:
Արցախ մեկնած բժիշկների համար որպես չափանիշ հաշվի է առնվել նրանց արհեստավարժությունը և երկար տարիների փորձը. «Նրանցից շատերն արդեն անցել էին արցախյան պատերազմի բոհով, նրանց կուտակած փորձն անգնահատելի էր: Եւ Արցախ մեկնած բոլոր բժիշկները պրոֆեսիոնալ են: Դրանով է բացատրվում այն, որ Արցախում այս օրերին ունիկալ վիրահատություններ են արվել ռազմադաշտային պայմաններում, ընդհուպ մինչև կարողացել ենք ոտք, վերջույթ փրկել անդամահատումից, վնասված անոթներ վերականգնել: Այսինքն՝ սրանք վիրահատություններ են, որոնք հիմնականում որպես կանոն երրորդային մակարդակի՝ նեղ մասնագիտական կենտրոններում են իրականացվում, բայց մենք աշխատանքը ճիշտ կազմակերպելու արդյունքում կարողացել ենք նման վիրահատություններ անել նաև ռազմադաշտային պայմաններում և ձևավորված հոսպիտալներում»:
Սամվել Սողոմոնյանը նկատեց, որ առողջապահության համակարգը մինչև մարտական գործողությունների սկսվելը, պատրաստ էր նման սցենարների զարգացմանը: Նա հիշեցրեց, որ 2015թ. Հայաստանում անցկացվել է «Շանթ 2015» մարտավարական զորավարժությունները, որոնց մեջ մեծ ներգրավվածություն ուներ նաև առողջապահության համակարգը: Եւ բոլոր այդ սցենարները քառօրյա պատերազմի ժամանակ կիրառվեցին:
Նա վստահեցրեց, որ ներկայումս ՀՀ առողջապահության համակարգը ի զորու է հաղթահարել շատ ավելի բարդ խնդիրներ, ցանկացած ռազմական գործողությունների դեպքում պատրաստ է պատշաճ մակարդակով կազմակերպել և իրականացնել իր առջև դրված խնդիրները: