Արամ Ասատուրյանը՝ հենակներ տրամադրելու համար զինվորի մորից անձնագիր պահանջելու մասին
«Բանակի, ԶՈՒ խնդիրը ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովումն է, մնացած խնդիրներով պետք է զբաղվեն այն կառույցները, որոնք աշխատում են այդ ուղղությամբ՝ սոցիալ ապահովման, սոցիալ պաշտպանության և այլն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հոսպիտալից դուրս գրվելուց հետո պաշտպանության նախարարությունը պատրաստվում է զինվորների բժշկական կարիքները հոգալ:
Նրա խոսքերով՝ զինթոշակառուների, զինհաշմանդամների խնդիրները ԶՈՒ-ն հոգում է, որքանով որ կարողանում է հոգալ և դա անում է պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ: «Սակայն, նորից եմ կրկնում՝ զինհաշմանդամների և զինթոշակառուների խնդիրներով բանակը չպետք է զբաղվի»,- ասաց նա:
Արամ Ասատուրյանը նշեց, որ շուրջ 24 տարի գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակում:
«Դա նշանակում է, որ մենք մշտապես գտնվում ենք պատերազմական վիճակում, այսինքն՝ հրադադարը խաղաղություն չի և այս ընթացքում մենք բազմաթիվ վիրավորներ ենք ունենում»,- նշեց նա:
Անդրադառնալով մամուլում հրապարակաված այն տեղեկատվությանը, որ 2015թ-ի դեկտեմբերին Արցախում վիրավորում ստացած Արմենակ Առուստամյանին հենակներ տրամադրելու համար հոսպիտալում վերցրել են նրա մոր անձնագիրը, իսկ հետո ասել, թե այն կվերադարձնեն հենակները հետ բերելուց հետո, Արամ Ասատուրյանը ասաց, որ հոսպիտալն ունի հաշվառված գույք և իրենք պետք է վերահսկողություն սահմանեն այդ գույքի նկատմամբ:
«Մենք հաշվառված գույք ունենք և իրավունք չունենք այդ գույքը տրամադրելու, քանի որ փորձը ցույց է տալիս՝ երբեմն այն չեն վերադարձնում, դրա համար փորձում ենք մեր գույքի նկատմամբ հսկողություն սահմանել: Ուստի մենք հորդորում ենք, որ այն անպայման վերադարձնեն»,- ասաց Արամ Ասատուրյանը՝ հավելելով, որ անձնագիրն ինքնակամ է տրամադրվել, իսկ երբ ցանկացել են, այն վերադարձրել են:
«Արմենակը ծանր վիրավոր է եղել, վիրավորվել է հակառակորդի կողմից ականանետ կիրառելու հետևանքով՝ մարտական դիրքում: Արմենակն այս պահի դրությամբ գտնվում է հոսպիտալում, և վիրահատության երկրորդ փուլը պետք է իրականացվի:Մենք մեր ընկերներին չենք լքում, մենք մինչև վերջ մեր զինակիցների կողքին ենք»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին