Բասկերի Երկրի խորհրդարանը դատապարտել է ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու Ադրբեջանի փորձը
Բասկերի Երկրի խորհրդարանն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն՝ ԼՂ վերջին զարգացումների վերաբերյալ` դատապարտելով ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու Ադրբեջանի փորձը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայտարարությունն ընդունվել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն քվեարկության արդյունքում:
«Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որը 95 տոկոսով բաղկացած է էթնիկ հայ բնակչությունից, և որը պատմության վայրիվերումների և իր բնակչության շահերից տարբերվող աշխարհքաղաքական այլ շահերի պատճառով, մնացել է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում՝ առաջացնելով երկարատև հակամարտություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որը շարունակվել է ամբողջ 20-րդ դարի ընթացքում:
ԽՍՀՄ-ի փլուզմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապեությունների ստեղծմամբ, հակամարտությունը վերածվեց պատերազմի, որը տևեց 1988թ.-ից մինչև 1994թ.-ը, պատճառելով հազարավոր մահեր և տեղահանումներ՝ ավարտվելով մի հրադադարով, որը չնայած վերջ չի դրել հակամարտության լարվածությանը, սակայն օգնել է խուսափել պատերազմի շարունակությունից:
2016թ.-ի ապրիլի 2-ին Ադրբեջանը միակողմանիորեն ձեռնարկեց աննախադեպ հարձակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ հարձակման արդյունքում զոհվեցին տասնյակ անձինք, այդ թվում` 4 խաղաղ բնակիչ, որոնցից մեկը երեխա էր:
Զինադադարի խախտման առնչությամբ, Բասկյան խորհրդարանը՝
Իր խորին մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղում 1994թ.-ից ուժի մեջ մտած հրադադարի խախտման վերաբերյալ և հայտնում է իր ցավակցությունը՝ այդ հարձակման արդյունքում, երկու կողմերի ունեցած զոհերի կապակցությամբ:
Դրականորեն է գնահատում ապրիլի 5-ին երկու կողմերի միջև զինադադարի վերականգնումը և հուսով է, որ այն կհարգվի:
Հայցում է, որ չմերժվեն 2012թ.-ից ի վեր Մինսկի խմբի համանախագահների կողմից հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկները:
Մերժում է որևէ տարածքային հակամարտության լուծման նպատակով ուժի կիրառումը: Դրանք պետք է լուծվեն երկխոսության հիման վրա, հարգելով տվյալ բնակչության մեծամասնության կամքը, որը պետք է արտահայտվի ժողովրդավարական ձևով և առանց որևէ տեսակի ճնշումների:
Կոչ է անում կողմերին՝ գործուն միջոցներ ձեռնարկել որպեսզի անմիջապես դադարեցվեն ռազմական գործողությունները և զորքերը վերադառնան մինչև 2016թ.-ի ապրիլի 1-ը զբաղեցրած իրենց դիրքեր:
Հստակորեն խրախուսում է բանակցությունների գործընթաց վերադառնալու անհրաժեշտությանը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդությամբ, որտեղ Լեռնային Ղարաբաղը կունենա իր մասնակցությունը, ինչպես արդեն նշվել է սույն խորհրդարանի կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին