Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում. հայտարարություն
«Գործարար Լևոն Հայրապետյանի կյանքին ռուսական բանտում վտանգ է սպառնում. հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում կարող են սպառնալ նրա կյանքին: Այս մասին հայտարարում են նախօրեին շինծու մեղադրանքով 4 տարվա ազատազրկման դատապարտված Հայրապետյանի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբան Դավիդ Խչեյանը»,-տեղեկացնում է «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը:
Ըստ աղբյուրի, երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ և 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:
Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար և երեկ դատարանի վճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար։
«Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների և գործին ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով: Այս իրավիճակում զարմանք է առաջացնում Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերի լռությունը», -ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
- Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հայրապետյանի համար
- Լևոն Հայրապետյան. Ես մեղավոր չեմ