Մենք արել և անելու ենք մեզ հասանելիք չափով պարտավորությունները վիրավոր զինվորների նկատմամբ. Հարություն Գալստյան
Զինծառայողների պրոթեզավորումն իրականացվել է նաև նախկինում, եղել են և ականի պայթյունի, և հրազենային վիրավորման դեպքեր, որոնց հետևանքով պրոթեզավորումը կազմակերպվել և իրականացվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը ՊՆ վերցնելո՞ւ է իր վրա:
«Մենք արել և անելու ենք մեզ հասանելիք չափով պարտավորությունները վիրավոր զինվորների նկատմամբ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այս հարցում Պաշտպանության նախարարությունը միայնակ չէ, գոյություն ունի սոցիալական ապահովության նախարարություն, առողջապահության նախարարություն:
Ըստ նրա՝ եթե տվյալ հարցը հնարավոր է լուծել Հայաստանի բուժական կամ վերականգնողական հաստատություններում, այդ հարցերը բարեհաջող լուծվել են, իսկ եթե ոչ՝ խնդիրն այդ ժամանակ լուծվել է այն ծավալով, ինչքանով հնարավոր է եղել լուծել:
Հարակից հրապարակումներ`
- «Ինչպես ասում են՝ հաղթող զինվորների մոտ վերքերն ավելի շուտ են լավանում»
- Վիրավոր զինվորների թիվը ներկայումս 125-ն է. Հարություն Գալստյան
- Զինծառայողների պրոթեզավորման ծախսերը պետությունը կվերցնի իր վրա. Առողջապահության նախարար