ԱԺ պատգամավորը ռուս գործընկերներին ասել է, որ ադրբեջանցիների վայրագությունները չեն տարբերվել ԻՊ ահաբեկիչների գործելակերպից
Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են զինուժ, ծանր հրետանի և զրահատեխնիկա, այդ թվում նաև՝ ՌԴ-ից ձեռք բերված «Սմերչ» և «ՏՕՍ-1» համակարգեր: Այդ մասին այսօր ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստում հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նիստն սկսելուց առաջ նրա խնդրանքով նիստի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:
Նրա խոսքով, ապրիլյան ռազմական գործողությունները 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ առաջին անգամն էին կատարվում:
«Ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ ժողովրդի նկատմամբ ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ՝ ամբողջ տարածաշրջանի համար: Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանի՝ հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով հարձակողական սպառազինության մեծաքանակ ձեռքբերումը, պաշտոնական մակարդակով ուժի կիրառման սպառնալիքները, բանակցային գործընթացում այդ երկրի ապակառուցողական քայլերը, առաջնագծից դիպուկահարների հեռացնելուց հրաժարվելը և ապակայունացնող այլ դրսևորումներ»,-ասել է Նահապետյանը՝ առաջարկելով ռուս գործընկերներին այցելել Արցախ, գնդակոծված բնակավայրեր և սեփական աչքերով ծանոթանալ իրավիճակին, լսել կրակոցների ձայները:
Նրա խոսքով, Թուրքիայի բացահայտ ռազմաքաղաքական օժանդակությունը նույնպես Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դրդապատճառ է: Նա ընդգծեց, որ թեևս ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի հաստատման մասին, բայց ադրբեջանական կողմը շարունակում է նռնականետեր, ականանետեր կիրառել:
Նա ռուս գործընկերներին տեղեկացրել է, որ այս օրերին ադրբեջանցիների վայրագությունները արցախցիների նկատմամբ, չեն տարբերվել «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության գործելակերպից:
«Վայրագությունները հասել են այն աստիճանի, որ Ադրբեջանի հրոսակախմբերը կտրել են մարդկանց գլուխներն ու ականջները, անարգել զոհված զինծառայողների մարմիններ և այդ ամենը տարածել սոցիալական ցանցերում՝ հրամցնելով սեփական հանրությանը: Ի պատիվ ԼՂՀ ՊԲ-ի քաջարի զինվորների սխրանքի, հնարավոր եղավ սանձել հակառակորդին: Ցավով պիտի արձանագրեմ, որ միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով», -հայտարարել է Նահապետյանը:
Նշենք, որ ռուս գործընկերների հետ համատեղ նիստը բացման խոսքի ելույթից հետո անցկացվում է դռնփակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան