Մենք չպետք է հայտնվենք պաշարված ամրոցի կարգավիճակում. Շավարշ Քոչարյան
«Մենք հետևում ենք մամուլին»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյակ է, որ հանրության շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարի հրաժարականի պահանջ կա:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ԵՏՄ վարչապետերի նիստին մասնակցելու հարցին՝ այն դեպքում, երբ Ղազախստանի առաջարկությամբ, ըստ էության ի պաշտպանություն Ադրբեջանի, ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը տեղի ունեցավ Մոսկվայում, Շավարշ Քոչարյանն ասաց, թե գոյություն ունի երկու մոտեցում. «Մեկը պաշարված ամրոցի մոտեցումն է: Այսինքն՝ ի պատասխան ամեն քայլի, որ մեր շահերին դեմ ենք գնահատում, ըստ էության, այսպես ասած, ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածք՝ բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք: Սա մոտեցումներից մեկն է: Մյուսը՝ հաշվի առնելով այն, որ բոլոր պետությունները առաջնորդվում են առաջին հերթին իրենց շահերով, այնուամենայնիվ, պետք է թույլ չտալ, որ մենք հայտնվենք այդ իրավիճակում, քանի որ հենց այդ նպատակն է հետապնդում մեր թշնամին՝ Ադրբեջանը»:
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանի դաշնակիցներին, տարբեր կազմակերպություններին ուղղորդել այնպիսի քայլերի, որ Հայաստանն, այսպես ասած, խռոված կեցվածքով մնա միայնակ. «Մեր նպատակը հենց դա է, որ թույլ չտանք: Դա ենթադրում է հետևողական աշխատանք բոլոր ուղղություններով: Դրա համար, կարծում եմ՝ այն քաղաքականությունը, որը տարվում է, ուղղված է նրան, որ չհայտնվենք այդ պաշարված ամրոցի կարգավիճակում, քանի որ դա բխում է հենց մեր հակառակորդի շահերից»:
Շարունակելով թեման, Շավարշ Քոչարյանը նշեց, որ այստեղ խնդիրը հետևյալն էր՝ կամ պետք էր ընդունել նեղացածի կեցվածք, և տապալել նիստը կամ, այնուամենայնիվ, օգտագործել հարթակն՝ այդ բոլորն իրենց հասցնելու համար: Արդյունքում ԵՏՄ անդամ երկրները փորձեցին մեղմել իրավիճակը, իհարկե, դա չի հավասարակշռում տեղի ունեցածը, բայց որոշվեց, որ առաջիկա նիստը տեղի կունենա Երևանում:
Փոխարտգործախարարը նշեց նաև, որ ԵՏՄ գործընկերներին հայկական կողմն ասել է այն, ինչ անհրաժեշտ էր և դեռ ասվելու է:
Արձագանքելով ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ քննարկելու խնդիր է, թե ինչ է դա տալիս մեզ, ինչ ենք շահում դրանից, ինչ ենք կորցնում:
«Ցանկացած հարց ոտքի վրա չի լուծվում և չի լուծվում միայն այն պատճառով, որ թշնամու դրդմամբ մեկը արեց սխալ քայլ, որից հետո դու ընդհանրապես խռովում, դուրս ես գալիս: Դա նրա նպատակն է, իսկ մեր նպատակն ուրիշ է»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին