Ֆրանսիացի պատգամավոր. Ադրբեջանն իրեն պահում է ահաբեկիչ պետության նման
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել Ֆրանսիայի «Ժողովրդավարների և անկախների միություն» կուսակցության (UDI) պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի և Armnews.com կայքի տնօրեն Արա Թորանյանի դեմ: Ինչպես տեղեկացնում է Նուվել դ’Արմենի պարբերականը, Ֆրանսուա Ռոշբլուային մեղադրում են իր ասուլիսներից մեկում հնչեցրած` «Ադրբեջանն իրեն պահում է որպես ահաբեկիչ պետություն» արտահայտության համար, իսկ Արա Թորանյանին՝ այն տարածելու: Գործով առաջին դատալսումը տեղի է ունեցել երեկ` դատավոր Անն դը Պինգոնի նախագահությամբ:
Այդ կապակցությամբ ֆրանսիացի պատգամավորը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Ես ցանկացա անձամբ ներկայանալ դատավորի առջև, թեպետ, հարկադրված չէի և չեմ օգտվի իմ պատգամավորական անձեռնմխելիությունից ոչ հիմա, ոչ էլ հետայսու: Պարտավոր էի գալ և որոշ դիտարկումներ անել Հանրապետության ընտրյալի դեմ միջազգային իրավունքի իրավաբանական անձ հանդիսացողի կողմից այս եզակի հայցի կապակցությամբ»:
«Ասածս ընդունում եմ և հաստատում: Ադրբեջանն իրեն պահում է ահաբեկիչ պետության նման»,-մեկ անգամ ևս շեշտել է Ռոշբլուան՝ նշելով, որ այդ մասին հայտարարել է անցյալ տարի՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո:
«Պատահաբար ստացվեց այնպես, որ այս գործը քննվում է մի ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանը, խախտելով հրադադարը, այս անգամ այնպիսի աննախադեպ լարվածություն ստեղծեց, որ չէր եղել 1994-ից հետո: Այնտեղ բարբարոսական գործողություններ են արվել: Ադրբեջանական զինվորների կողմից քաղաքացիականներ են գլխատվել: Ծերեր են խոշտանգվել, նրանց ականջներն են կտրվել, աչքերը հանվել: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը 2016-ի իր վերջին մամուլի տեսությունում նշում է Ադրբեջանի կողմից Իսլամական պետության վարձկաններին դիմելու մասին: Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, որ վերջ է դնում Մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությանը` այս երկրում հիմնարար իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով: Այդ տարածքում աշխատող ՀԿ-ները հայտնում են, որ տասնյակ լրագրողներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ այնտեղ ազատազրկվում են ամեն տարի», - մատնանշել է պատգամավորը:
Ֆրանսուա Ռոշբլուանը նաև հայտարարել է, որ, այնուամենայնիվ, դատարանը քաղաքական ամբիոն չէ և որպես ազգընտիր, նա չի կարող թույլ տալ, որ ֆրանսիական քրեական արդարադատությունն օտարերկրյա պետությունների կողմից օգտագործվի որպես գործիք:
«Խորհրդակցելով փաստաբանիս` Սևակ Թորոսյանի հետ, որոշեցի խնդրել արդարադատությանը վերջ տալ օտար երկրների կողմից ներկայացվող ու ֆանտաստիկայի ժանրին պատկանող հայցերի այս նոր ձևին», - հայտարարել է ֆրանսիացի պատգամավորը ու նշել, որ իր իմացությամբ այս պահին նման երեք հայց կա, որոնցից երկուսը նախաձեռնել է Ադրբեջանը:
«Պատահական չէ, որ այս երիտասարդ հանրապետություններն ունեն ղեկավարներ, որոնք իրենց շփոթում են պետության հետ, մարմնավորելով XXI դարում Լուի XIV թագավորի «Պետությունը ես եմ» բանաձևը»,-ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը, ըստ էության, ակնարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Նա տեղեկացրել է, որ իր փաստաբանի կողմից միջնորդություն կներկայացվի` չեղարկելու Ադրբեջանի ներկայացրած հայցը:
«Լեռնայի Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա քաղաքական հարթակում»,-պնդել է Ֆրանսուա Ռոշբլուանը և հավելել, որ պատգամավորը կամ լրագրողը պետք է օգտվեն խոսքի կատարյալ ազատությունից, երբ հարցը վերաբերում է օտար պետությունների քրեածին վարքը դատապարտելուն:
«Ֆրանսիայի Ժողովրդավարների և անկախների միություն կուսակցության պատգամավորը» համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով միակ օգտակար դատավարությունը, որը նպատակ կունենար ուսումնասիրել և դատապարտել Ադրբեջանի կատարած հանցագործությունները, պետք է տեղի ունենա Միջազգային քրեական դատարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան