Զինծառայողների պրոթեզավորման ծախսերը պետությունը կվերցնի իր վրա. Առողջապահության նախարար
«Բոլոր վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում, բոլոր հնարավորությունները մոբիլիզացվել են, որ նրանք հնարավորինս արագ ապաքինվեն»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակին:
Ըստ նախարարի՝ ծայրահեղ ծանր հիվանդներից շատերն արդեն ապաքինման շրջան են մտնում, նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր.
«Իհարկե ունենք նաև վիրավորներ, որոնց համար պայքարում ենք, որպեսզի կայունացման շրջան մտնեն: Բայց նրանց թիվը գնալով ավելի ու ավելի պակասում են՝ հաշվի առնելով, որ շատանում է կայուն հիվանդների, կայուն վիրավորների թվաքանակը: Այսինքն՝ վիրավորների վիճակը գնալով բարելավում է»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Հարցին, թե արդյոք զինծառայողների պրոթեզավորումը կլինի անվճար, առողջապահության նախարարան ասաց, որ պետությունն այդ հոգսը վերցնելու է իր վրա, այդ հարցով զբաղվում են, սակայն դեռևս ժամանակավրեպ է քննարկել այդ հարցը՝ հաշվի առնելով, որ պետք է լինի այն փուլը, երբ հնարավոր է կիրառել պրոթեզավորման մեխանզիմները. «Այդ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են և միանշանակ լինելու են անվճար»: