Առաջին հերթին մեր հույսը մեզ վրա պիտի դնենք. Շավարշ Քոչարյան
«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ որքան շուտ Արցախը մասնակցի բանակցային գործընթացին, այնքան ավելի արդյունավետ կլինի այդ գործընթացը»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Կազանի փաստաթղթին, նշեց, որ Կազանն, ըստ էության, նույն Մադրիդն է՝ որոշակի փոփոխություններով. «Քանի որ փաստաթուղթը հրապարակված չէ, ես կարող եմ ասել, որ այնտեղ կան ավելի շատ դրական փոփոխություներ, եթե համեմատենք Մադրիդի հետ՝ Հայաստանի, Ղարաբաղի համար»:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան սահմանային լարվածության օրերին չեկավ Հայաստան, նշեց, որ ՀԱՊԿ քարտուղարությունն ինչ-որ չափով արձագանքել է իրադարձություններին:
Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանում դժգոհություններ կան, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես բազմիցս, մինչև այս դեպքերը ասել եմ, որ մենք առաջին հերթին մեր հույսը մեզ վրա պիտի դնենք, մյուս կողմից` պետք է կարևորենք հարաբերությունները ցանկացած պետության հետ, առավել ևս դաշնակիցների: Ու ավելի սպասելիքներ սերմանելը միայն վտանգավոր է»:
Հարցին, թե ՀԱՊԿ անդամ Բելառուսը խորհրդարան է ներկայացրել ռազմական դոկտրին, որով արգելվում է բանակի մասնակցությունը մարտական գործողությունների որևէ այլ երկրում, բայց Թուրքիայում իսլամական երկրների համաժողովին մասնակցություն է եղել, արդյոք դա մտահոգվելու առիթ չի տալիս, փոխարտգործանախարարը պատասխանեց. «Ոչ միայն տալիս է, այլև մենք դրա մասին բացահայտ ասել ենք Բելառուսին: Մասնավորապես, ես հրավիրել եմ Բելառուսի դեսպանին, մեր արտգործնախարարը խոսել է իրենց արտգործնախարարի հետ: Իրենք իրենց մամուլի խոսնակի հայտարարությամբ փորձել են չեզոքացնել իրենց նախորդ քայլերը, բայց, իհարկե, դրա մասին ասվել է և ասվելու է»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու զենքի վաճառքի հարցով բողոքի նոտա չեն հղում Ռուսաստանին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ տվյալ տիպի հարցերը նոտայով չեն որոշվում. «Ավելին ասեմ՝ նախագահի հրապարակային հայտարարությունն անհամեմատ ավելի մեծ արժեք ուներ, քան նոտան»:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի վիրավորական արտահայտություններին` ուղղված Հայաստանին, Շ.Քոչարյանն ասաց, թե այդպիսի ոճը չի կարող բնորոշ լինել պետական պաշտոնյային:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին