Հայաստանում հանրային կառույցներից ամենամեծ վստահությունն ունի բանակը. «Կովկասյան բարոմետր» 2015 թ.
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը հրապարակել է «Կովկասյան բարոմետր» 2015 թվականի հետազոտության արդյունքները:
Այսօր, արդյունքների ներկայացումից առաջ, ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Հեղինե Մինասյանն ասաց, որ 2004 թվականից ի վեր իրականացվող «Կովկասյան բարոմետր» հանրային կարծիքի հետազոտությունը տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների մասին. «2015 թվականի հարցաթերթն ընդգրկում է հարցեր սահմանադրական բարեփոխումների, կուտակային կենսաթոշակային համակարգի, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու և այլ արդի հիմնախնդիրների վերաբերյալ»:
Նա տեղեկացրեց, որ 2015թ. հետազոտությունն անցկացվել է միայն Հայաստանում և Վրաստանում` պատահականորեն ընտրված 4200 տնային տնտեսություններում. «Հարցվածների թվում են ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքների ներկայացուցիչներ՝ միջնակարգ և բարձրագույն կրթությամբ»:
ՀՌԿԿ-Հայաստան ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ հայտնեց, որ թե Հայաստանում, թե Վրաստանում հանրային կառույցների նկատմամբ նվազող վստահության համատեքստում շահեկանորեն առանձնանում են բանակն ու եղեկեցին. «Նախորդ տարիների համեմատ վստահության աճ է գրանցվել բանակի հանդեպ: Հայաստանում այն կազմում է 76 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 74»:
Ինչ վերաբերում է Հայաստանում վերջին զարգացումներին՝ նա հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ 2015 թ.-ին հարցվածների միայն 15 տոկոսն է հավանություն տվել, իսկ 9-ը տոկոսը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգին:
«Ըստ հետազոտության՝ ի տարբերություն Վրաստանի (21 տոկոս), Հայաստանի հասարակությունը կողմ է ԵՏՄ անդամակցությանը՝ 51 տոկոս: Իսկ ԵՄ անդամակցությանը Հայաստանում հավանություն է տվել հարցվածների 37 տոկոսը, Վրաստանում՝ 41 տոկոսը»,-ավելացրեց ծրագրերի ղեկավարը: