Սպորտ 12:12 15/04/2016 Հայաստան

Ես ուժ էի ստանում սահմանին կանգնած մեր զինվորներից. Նազիկ Ավդալյան

Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մեծ հուզմունքով և հպարտությամբ, իրեն բնորոշ համեստությամբ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց չեմպիոնության և առաջիկա պլանների մասին: Նազիկն իսկապես շատ հպարտ էր կրկին Եվրոպայի չեմպիոն դառնալու համար, հպարտ էր, քանի որ իր հաղթանակը կարող էր նվիրել սահմանին կանգնած հայ զինվորներին: Հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ Նազիկի ընտանիքի անդամները չեն դիտել հեռարձակումը, քանի որ եկեղեցում են եղել:

-Նազիկ, այս հաղթանակդ նման էր փյունիկի պես մոխրից հառնելու: Այդպես չէ՞:

-Վերջին անգամ 8 տարի առաջ էի Եվրոպայի չեմպիոն դարձել: 2009 թվականից սպորտի մեջ չէի: Վնասվածքները հաջորդում էին մեկ մեկու, այնուհետ ավտովթարը եղավ, որից հետո հեռացա մեծ սպորտից: 2015 թվականից նորից մարզվում էի: Ես չէի մտածում Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին:  Առաջին հերթին մտածում էի մոտեցումներս լավ անելու մասին: Ես իսկապես էմոցիոնալ առումով շատ բուռն մրցաշար ունեցա: Ոչ մի մրցաշարում հաղթելիս այսպիսի զգացողություն չեմ ունեցել, գուցե նրանից է, որ այն ժամանակ երեխա էի, հաղթանակի բերկրանքը չէի վայելում մինչև վերջ: Շատ շատերը չէին հավատում, որ կարող էի լուրջ արդյունք գրանցեմ: Ես ուժ էի ստանում սահմանին կռվող մեր զինվորներից, անկեղծ եմ ասում: Նրանք կյանքի և մահու պայքար են տալիս և չեն վախենում, ես էլ ինչից պիտի վախենայի: Անընդհատ այդ մտքերի մեջ էի, որ մենք ադրբեջանցիների  համամետ, ոչ նույնաչափ զենք ունենք, բայց հաղթում ենք: Իսկ մարզիկներիս համար ամեն պայման ստեղծված է, էլ ինչո՞ւ պիտի չհաղթենք: Ես մեր զինվորների ցավը տանեմ: Ես միայն շնորհակալություն կարող եմ հայտնել հայ զինվորին, որ կանգնած է մեր սահմանին:

-Արդյո՞ք այս մրցաշարում տրամադրվածությունդ մեծ դեր ունեցավ:

-Եվրոպայի առաջնությունում բարձրացրածս քաշերը անում էի նաև մարզումների ժամանակ: Երբ նախնական արդյունքներին ես նայում, ոչ մեկ չի ներկայացնում այն, ինչը որ կարող է բարձրացնել: Կարծում եմ յուրաքանչյուր մարզիկ ունի վախի չնչին զգացում:

-Իհարկե դեռևս շուտ է Օլիմպիական խաղերի մասին խոսել, սակայն, այդ կերպ շարունակելու դեպքում մենք մեդալի համար պայքարելու հնարավորություն ունե՞նք:

-Երբեք չեմ խոսել ապագա պլաններիս մասին: Առաջ Աստված: Իհարկե, ինքս իմ մեծ նպատակներն ունեմ, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ: Չկա մի մարզիկ, ով չի երազում Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին, նրանց թվում նաև ես:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}