Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդյան օրն է
«Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»: Խոսքերի հեղինակն է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին՝ նույն ինքը Ոստանիկ Ադոյանը:
1904 թվականի հենց այս օրը Արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում ծնվել է Ա.Գորկին: Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի): Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (լուսանկարից՝ 1928–32 թթ.), նատյուրմորտներ և բնանկարներ:
1924 թ. Ոստանիկ Մանուկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու՝ վերցնելով Մաքսիմ Գորկու ազգանունը:
1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» (1938 թ., նկարաշարի նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943 թ.), «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944 թ.), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944 թ.), «Հոգեվարք» (1947 թ.), «Արորը և երգը» (1947 թ.), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
«Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով: Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրը այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»,- գրել է Ա,Գորկին:
1938 թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941 թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի: 1946 թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
«Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…»,- ասել է Ա.Գորկին:
Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում:
«Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»,- Ա, Գորկու մասին ասել է ամերիկացի նկարիչ Ուիլյամ դե Կունինգը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին