Ա. Դանիելյան. «Հրազդանի բոլոր խնդիրները վերջնականապես լուծելու ենք առաջիկա տարիներին»
Հրազդանի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի՝ բնակիչների հետ նախօրեի հանդիպումը մեկնարկել է զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Քառօրյա պատերազմի ընթացքում Հրազդանն էլ կորուստներ ունեցավ՝ հերոս տղաներ Սարգիս Սահակյանը և Վահե Զաքարյանը:
Ա. Դանիելյանի ընտրական շտաբի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, ով նշել է, որ Հրազդան քաղաքում նախատեսված են բազմաթիվ ու բազմազան արդյունավետ ծրագրեր:
Թեկնածուն հայտարարել է, որ Հրազդան քաղաքի խնդիրներն ամենալավը գիտեն տեղի գործող իշխանությունները և իրենք են այդ ամենի ամենաարդյունավետ ու որակյալ լուծողները՝ երկրի ու մարզի ղեկավարության աջակցությամբ:
Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանը հանդիպման ավարտին նշել է. «Ապրիլի 17-ին մենք կատարելու ենք մեր քաղաքի կայունության ու նոր որակի առաջընթացի ընտրությունը և վստահ եղեք, որ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքը բավարար հիմք է նախապատրաստել քաղաքը առաջիկա 4 տարիներին լիարժեք բարեկարգելու համար»:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ով գործող քաղաքապետն է, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջադրել է Արթուր Միսակյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին