Ազգային խորհրդանիշներ նուռը և խաղողը՝ հայ -ճարտարապետության զարդաքանդակներում
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպում է «Նուռը և խաղողը հայ -ճարտարապետության զարդաքանդակներում» ցուցահանդեսը: Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Բուսական, մասնավորապես խաղողի որթերի և նռնենու պատկերները միջնադարյան հայ քանդակագործության մեջ լայն տարածում գտած ու սիրված նախշեր են: Նուռը և խաղողը հատուկ տեղ են զբաղեցնում հայկական մշակույթում, ընկալվում որպես ազգային խորհրդանիշ: Նռան ամենավաղ զարդաքանդակների հանդիպում ենք Քասախի բազիլիկ եկեղեցում (IV դ.), Աշտարակի Ծիրանավոր (V դ.), Թալինի Կաթողիկե եկեղեցիներում (VII դ.), Հաղպատավանքում (X դ.), Գեղարդի վանքում (XII դ.) և այլուր:
Խաղողի և նռան զարդաքանդակները մեծ տարածում են ստացել VII դարում և իրենց կատարման արվեստով չկրկնվող կատարելության հասել Զվարթնոցի (VII դ.) տաճարի հարդարանքում:
Ցուցադրությանը կներկայացվեն ՊՈԱԿ-ի չափագրությունների և լուսանկարների ֆոնդերում պահվող նյութեր /25 գծագիր և 15 լուսանկար/, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տրամադրած` Ախթամարի ս. Խաչ եկեղեցու լուսանկարները, հնագետ Բ. Գասպարյանի տրամադրած նյութերը:
Նույն աղբյուրից նաև տեղեկանում ենք, որ ապրիլի 18-ը «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մուտքը կլինի անվճար: Այդ օրը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո հայկական ավանդական ժողովրդական մարզական խաղերի ցուցադրական ելույթ-մրցախաղեր կանցկացվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին