«Ինչպես ասում են՝ հաղթող զինվորների մոտ վերքերն ավելի շուտ են լավանում»
«Ծանր վիրավորներից մեկը պատերազմական շրջանի ակտիվ փուլից հետո գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը՝ հավելելով, որ վիրավորների զգալի մասը ստացել են բեկորային վնասվածքներ:
Նրա խոսքերով՝ 5 զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, որոնցից 2-ը գտնվում են Կենտրոնական հոսպիտալում, 3-ը՝ քաղաքացիական բուժհաստատություններում: Ինչ վերաբերում է մնացած վիրավորներին, ապա ըստ նրա, բոլորի մոտ դրական տեղաշարժ կա. «Ինչպես ասում են՝ հաղթող զինվորների մոտ վերքերն ավելի շուտ են լավանում: Փառք Աստծո»:
Հ.Գալստյանն ասաց նաև, որ բոլոր վիրավորները գտնվում են պաշտպանության և առողջապահության նախարարությունների առաջատար մասնագետներ հսկողության տակ:
Նա նաև նշեց, որ հոսպիտալից դուրս են գրվել երեք զինծառայողներ, չնայած կան այլ ապաքինվածներ ևս, սակայն չեն շտապում դուրս գրել, քանի որ պետք է հասկանան՝ հետագա ինչ բուժօգնության կարիք կունենա զինվորը:
«Ինչ վերաբերում է վիրավորների` արտերկրում բուժում ստանալուն, ապա, եթե նկատենք, որ դրական տեղաշարժ չկա, և հնարավոր է՝ տվյալ հիվանդի բուժումը արտերկրի առաջատար բուժհաստատությունում կազմակերպել, ապա հարցը լրացուցիչ կքննարկվի»,- ասաց Հ.Գալստյանը:
Անդրադառնալով զինվորների հոգեբանական վիճակին, Հարություն Գալստյանը նշեց, որ առաջին հետ մղված մարտական գործողությունից հետո երիտասարդների մոտ հոգեբանորեն սկսում են ի հայտ գալ անխոցելիության զգացում, ինչպես նաև կորցրած կամ վիրավոր ընկերների համար վրեժխնդրության զգացում, ինչը կարծես բթացնում է իրականության զգացումը: Ուստի, ըստ նրա, որոշակի գործողություններ տարվում են, որպեսզի այդ զինվորներն ադապտացվեն ներկա վիճակին և հետագայում էլ շարունակեն մնալ հասարակության լիարժեք անդամներ, ինչպիսին եղել են:
Հիշեցնենք, որ Արցախում ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով կայազորային հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ, ինչպես հայտնել էր Հարություն Գալստյանը, կազմում է 125, որոնցից 45-ը բուժում է ստանում Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավոր զինվորների թիվը ներկայումս 125-ն է. Հարություն Գալստյան
- Զինծառայողների պրոթեզավորման ծախսերը պետությունը կվերցնի իր վրա. Առողջապահության նախարար