Չինաստանի արտգործնախարարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային ճանապարհով կարգավորման աջակցությունը
Այսօր Պեկինում կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ:
ԱԳ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ համատեղ ջանքերով հայ-չինական բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգացում են ապրել։
Հանդիպմանը քննարկվել է անցյալ տարի ՀՀ Նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Չինաստանի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Գոհունակությամբ արձանագրվել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը, համագործակցության երկար տարիների դրական փորձը արժեքավոր հիմք են հանդիսանում փոխգործակցության առավել խթանման համար:
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Ին մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղիների շուրջ: Այդ առումով երկուստեք կարևորվել է Հայաստանում արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծերում չինական ընկերությունների մասնակցությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծին, Հայաստանի Հյուսիս-Հարավ մայրուղու, Հայաստան-Իրան երկաթգծի ծրագրերին։ Նախարարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Չինաստանի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներն անդրադարձել են Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։ Այդ համատեքստում Վան Ին ողջունել է Էդվարդ Նալբանդյանի այցի ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հայաստանի՝ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը:
Կարևորվել է միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Այս առումով Չինաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանի ակտիվ դիվանագիտությունը և դերակատարությունը միջազգային ասպարեզում նկատելի է և գնահատելի։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով, որ դրանք համահունչ են միջազգային հանրության կողմից միջնորդական առաքելություն իրականացնող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշմանը: Վան Ին վերահաստատել է Չինաստանի աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին