Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ կառույցի 110-րդ տարեդարձի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ կառույցի 110-րդ տարեդարձի առթիվ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ.
«Հարգելի´ պարոն Սեդրակյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր անդամներին կառույցի 110-րդ տարեդարձի առիթով:
Փառահեղ անցյալ ունեցող այս հզոր կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնադիրների սկզբունքներին, իրապես հիացմունքի է արժանի: Ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում վեհ գաղափարների շուրջ համախմբված անձինք մշտապես հանդես են եկել հայանպաստ և հայրենապաշտ գործունեությամբ և օգնել դիմակայելու տարբեր ժամանակներում մեր ազգին նետված մարտահրավերների աշխարհի տարբեր անկյուններում:
Իր ողջ գոյության ընթացքում Բարեգործականը եղել և շարունակում է մնալ հայապահպանության հենասյուներից մեկը։ Դրա վառ վկայությունն են այն ծրագրերը, որոնք իրականացրել և իրականացնում է ՀԲԸՄ-ն Հայաստանում, սփյուռքում և Արցախում:
Այս հոբելյանը դիմավորում ենք նոր և ծանր մարտահրավերների դիմակայելով. հայրենիքի շուրջ և սփյուռքում տեղի ունեցող իրադարձություները բոլորիս առջև նոր հիմնախնդիրներ են դրել։ Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան ապացույցն է այն բանի, որ մենք իրավունք չունենք զգոն չլինելու, և որ մեր ժողովրդի անվտանգության դեմ ոտնձգություններին դիմագրավելու միակ ճշմարիտ ուղին մեր համախմբված և միասնական լինելն է: Այս գործելաոճով է միշտ առաջնորդվել ՀԲԸՄ-ն:
Հարգարժա´ն պարոն Սեդրակյան,
Վստահ եմ, որ այսուհետ ևս Ձեր ղեկավարած կառույցն անշեղորեն շարունակելու է իրականցնել ազգանվեր նոր ձեռնարկներ՝ ի նպաստ մեր համազգային խնդիրների լուծման:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին այս նշանակալի տարեդարձի առթիվ:
Թող այս հոբելյանը Հայ բարեգործական ընդհանուր միության բոլոր մասնաճյուղերի և ողջ հայ ժողովրդի համար լինի բարություն, ջերմություն և խաղաղություն սփռող յուրօրինակ ազդակ:
Մաղթում եմ Ձեզ և կառույցի բոլոր անդամներին բեղուն աշխատանք, անսպառ եռանդ՝ ի նպաստ հայ ժողովրդի լուսավոր ապագայի և ի փառս հայրենիքի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին