Հայաստանում հեմոֆիլիայով 248 հիվանդ է ապրում, որոնցից 65-ը` երեխաներ
Երևանում այսօր տեղի է ունեցել «Հեմոֆիլիայով հիվանդների ախտորոշման և բուժման հեռանկարները Հայաստանում» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հեմոֆիլիայի համաշխարհային օրվան:
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ասոցիացիայի և «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» հիմնադրամի ջանքերով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության» (ԱՀԿ) և «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի» (ՀՀՖ) նախաձեռնությամբ 1989 թվականից նշվում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը: Ապրիլի 17-ը կազմակերպիչներն ընտրել են ոչ պատահական, քանզի այդ օրը ծնվել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ստեղծող Ֆրենկ Շնայբելը: Օրը կոչված է բարձրացնելու արյան մակարդման գործընթացների խախտման հետ կապված ժառանգական հիվանդության վերաբերյալ իրազեկությունը և համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու այն խնդիրներին, որոնց հետ բախվում են հեմոֆիլիայով հիվանդները:
Հայաստանում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը նշվում է 2006 թվականից:
Հեմոֆիլիան ժառանգական ծանրագույն հիվանդություններից մեկն է՝ պայմանավորված արյան մեջ մակարդման գործոնների պակասով: Հիվանդությունը բնութագրվում է արյան մակարդման խանգարմամբ և արտահայտվում է հաճախակի արյունազեղումներով հոդերում, մկաններում և ներքին օրգաններում: Կենսական կարևորություն ունեցող օրգաններում արյունազեղումները կարող են հանգեցնել հիվանդի մահվան, իսկ հաճախակի արյունազեղումները հոդերում բերում են վաղ հաշմանդամության: Ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս ախտորոշել հեմոֆիլիան դեռևս նորածնային շրջանում:
Հիվանդության դեպքերի կեսը կրում է ընտանեկան բնույթ: Ժառանգական մեխանիզմի հետևանքով հիվանդությունն ի հայտ է գալիս տղամարդկանց մոտ: Կանայք հեմոֆիլիայի գենը կրողներն են:
Ըստ ԱՀԿ տվյալների` աշխարհում հեմոֆիլիայով տառապում են 400 հազար մարդ:
Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը:
Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 13000 ԱՄՆ դոլար:
2003թ. ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին հատկացվում են հակահեմոֆիլային գործոններ: Աջակցում է նաև շվեյցարական «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» հիմնադրամը, որի տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել լաբորատոր-ախտորոշիչ սարքեր, շարժական սոնոգրաֆ, ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան հեմոֆիլիայի բուժական ուղեցույց, ինտերնետային կայք և հիվանդների առցանց ռեգիստր, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, ինչպես նաև արտերկրում վերապատրաստվել են մասնագետներ:
Հեմոֆիլիայի կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 248 հիվանդ, որոնցից 65-ը` երեխաներ:
ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արյունաբանության ոլորտում ամբասիր և արհեստավարժ աշխատանքի համար ՀՀ ԱՆ Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին