Արաբագետ. Ադրբեջանը որդեգրում է ԻՊ-ի վարքագիծը
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա պատերազմական գործողությունները տարբեր դիտանկյուններից մանրամասն ներկայացվում են, սակայն բաց է մնում ղարաբաղյան վերջին ռազմագործողություններին «Իսլամական պետության» (ԻՊ) ներգրավվածության հարցը, որը հենց առաջին իսկ պահից սկսվեց շրջանառվել հայկական մի շարք ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց կողմից: Պատճառը, հավանաբար, շփման գծից ստացվող զարհուրելի տեսարաններն ու վայրագությունների մասին տեղեկություններն էին (հայ զինվորների գլխատված և կեղեքված մարմինների, տանջամահ արված տարեցների տեսարաններ և այլն):
Մի շարք լրատվամիջոցներ այդ վայրագությունները կապեցին շփման գծում հայտնված ԻՊ-ի ադրբեջանցի իսլամականների մոտ 60 հոգանոց զորաջոկատի հետ: Հիշյալ ադրբեջանցիների մասին առաջին անգամ սկսվեց խոսվել հյուսիսկովկասյան տարածաշրջանը ներկայացնող իսլամականների սոցցանցերում թողնված գրառումներում, որտեղ նշվում էր, որ ադրբեջանցի իսլամականները ցանկացել են կռվել հայերի դեմ և լքել են Սիրիայի ալ-Ռակկա քաղաքը՝ տեղափոխվելով Ղարաբաղ: Այնուհետև այդ տեղեկատվությունը սկսվեց շրջանառվել ռուսական որոշ լրատվամիջոցների կողմից:
Անխոս, վերջին շրջանում ԻՊ վարքագծում նկատելի է Մերձավորարևելյան տարածաշրջանից դուրս այլ հատվածներում ջիհադական պայքար իրականացնելու ցանկությունը, որն առարկայական դրսևորում է ստանում այլ տարածաշրջաններում ԻՊ-ի իսլամականների ակտիվ ներգրավվածությամբ տեղերում իրականացվող ջիհադական պայքարին: Եթե ԻՊ-ը որոշել է ներգրավվել այլ հակամարտություններում (օրինակ՝ Ղարաբաղյան հակամարտությունում), այդ մասին ԻՊ-ին հարող լրատվամիջոցները անմիջապես կտեղեկացնեին, սակայն Ղարաբաղում ԻՊ-ի ներգրավվածության վերաբերյալ հիշյալ ԶԼՄ-ները լուռ էին:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԻՊ-ի կազմում կռվող ադրբեջանցիների խմբավորման սեփական նախաձեռնությունն է եղել Ղարաբաղ տեղափոխվելը, ապա պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ Մերձավոր Արևելքում իրականացվող ջիհադում վաղուց ներգրավված ադրբեջանցիների համար խնդիրը Սիրիայում և Իրաքում ստեղծված իսլամական խալիֆայության համար պայքարելն է, և այդ ադրբեջանցիներն այս փուլում դժվար թե թողնեին ԻՊ-ը և միանային ղարաբաղյան հակամարտության ռազմական գործողություններին:
Մի կողմ թողնելով իսլամականների ներգրավվածությունը՝ խնդիրը, անշուշտ, ղարաբաղյան չորսօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականների իրականացրած վայրագություններն են, որոնք ոչնչով չեն զիջում ԻՊ-ի զինյալների բռնարարքներին: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տեղի ունեցածը ապացուցեց, որ ԻՊ-ի ահաբեկիչների բոլորին հայտնի բռնության մեթոդները արագ և լավ յուրացվել են ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից, որի վառ ապացույցը մեր զինվորների կտրված գլուխները, խոշտանգված ու խեղված դիակներն ու ադրբեջանական հանրությանն այդ ամենը կազմակերպված ցուցադրելն էր:
Նման գործելակերպ որդեգրած ԻՊ-ի դեմ քաղաքակիրթ աշխարհը պայքարում է, իսկ ի՞նչպես վարվել նման վայրագություններով աչքի ընկնող ադրբեջանական բանակի, ըստ էության Ադրբեջան պետության հետ: Սա խնդիր է, որի լուծումը չպետք է ընկած լինի միայն հայկական կողմի լիազորությունների տիրույթում, չնայած հայկական զինուժն ի զորու է չեզոքացնել Ադրբեջանից եկող սպառնալիքը, ինչը ցուցադրեց չորսօրյա ռազմական գործողությունների ժամանակ: Նման դրսևորումները պետք է լինեն նաև միջազգային հանրության և պետությունների ուշադրության կենտրոնում, քանզի գործ ունենք ադրբեջանական բանակի կողմից սանձազերծված ագրեսիվ և զավթողական պատերազմի, ադրբեջանցի զինվորի կողմից իրականացված վայրագությունների, միջազգային իրավունքի խախտումների բազմաթիվ դեպքերի հետ:
Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան