Հովհաննես Գաբուզյանը` աշխարհի Համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն
Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում ավարտվեցին համալսարանական 14-րդ խաղերը: Մրցապայքարին մասնակցում էին նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4 ներկայացուցիչներ: Տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ 22-ամյա Սամվել Տեր-Սահակյանն ու 20-ամյա Հովհաննես Գաբուզյանը և 21-ամյա միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների մրցաշարում հանդես էր գալիս Հայաստանի շախմատի 2016 թ. չեմպիոնուհի, 21-ամյա միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:
Տղաների պայքարում հիանալի հանդես եկավ Հովհաննես Գաբուզյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ աշխարհի Համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն: Սամվել Տեր-Սահակյանն զբաղեցրեց 4-րդ, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 7-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Աղջիկների մրցաշարում հիանալի մեկնարկած Մարիա Գևորգյանը վերջնամասում զիջեց դիրքերը և հայտնվեց 10-րդ հորիզոնականը:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: