Հայաստանում գորգեղենի արտադրությունը նվազել է 92.1%-ով. ԱՎԾ
2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 92.1%-ով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2015թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 6.3 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ընդամենը՝ 0.5 տոննա:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 500.1 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ի հունվար-փետրվարին՝ 537.8 հազար հատ: Այսպիսով, տրիկոտաժեղենի արտադրության ծավալը նվազել է 7%:
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 1 592.1 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2015թ-ի նույն ժամանակահատվածում՝ 536.7 հազար զույգ: Սա նշանակում է, որ արտադրության ծավալները 3 անգամ աճել են: