Հայաստանը մասնակցելու է ՆԱՍԱ-ի կազմակերպած մրցույթ-մարտահրավերին
Ապրիլի 22-24-ը ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան (NASA) արդեն հինգերորդ անգամ անցկացնելու է իր միջազգային «Տիեզերական հավելվածների մրցույթը» (NASA Space Apps Challenge 2016):
Մրցույթին ամբողջ աշխարհից 200 քաղաք է մասնակցելու. Այս տարի միացել է նաև Հայաստանը՝ որպես պաշտոնական մասնակից:
Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ «X-TECH» ընկերության տնօրեն Արման Աթոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթի տևողությունը 48 ժամ է (Հայաստանում այն կտևի 24 ժամ` ապրիլի 22-23-ը), որի ընթացքում ողջ աշխարհից մասնակցող թիմերը մշակելու և տեղական ու միջազգային ժյուրիի գնահատմանն են ներկայացնելու իրենց նորարարական լուծումներն ու առաջարկները:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանից մոտ 30 հոգի արդեն գրանցվել է. «Նրանք 24 ժամ շարունակ ծրագրավորելու են ՆԱՍԱ-ի տրամադրած տվյալների հիման վրա մոբայլ, վիրտուալ իրականության հավելվածներ: Պետք է ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն»:
Հայաստանի տեղական մրցույթը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում Աստղադիտարանի ղեկավարության աջակցության շնորհիվ: Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:
«Հայաստանյան ժյուրին ընտրելու է հայաստանյան հաղթողին, բայց բոլոր ծրագրերն ուղարկվելու են միջազգային ժյուրիին: Ամբողջ աշխարհից հինգ հաղթող թիմ մասնակցելու է Հյուսթոնի կենտրոնում՝ ՆԱՍԱ-ի միջազգային կենտրոնում, հրթիռի թողարկմանը»,- ասաց նա:
Ա.Աթոյանի խոսքով, նման մրցույթի միջոցով հնարավոր է ցույց տալ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ձեռքբերումները, հայ մասնագետների կարողությունները, ովքեր ստեղծում են ծրագրեր, որոնք միջազգային կարևորություն և նշանակություն ունեն:
«Լավ հնարավորություն է մեր երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքը միջազգային հարթակ ներկայացնելու համար»,-նշեց նա:
Ա.Աթոյանն ասաց, որ «X-TECH» ընկերությունն արդեն մասնակցել է մրցույթին որպես վիրտուալ մասնակից. «Երկար բանակցությունների արդյունքում եկանք համաձայնության, որ Հայաստանը գրանցվի որպես մրցույթի պաշտոնական մասնակից»: