Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ իշխանություններն իրենք պետք է փոխվեն. հոգեբան
«Ներկայումս լայնածավալ պատերազմներ գոյություն չունեն, ավելի տեղային, լոկալ բնույթի բախումներ են լինում: Մարդկային հոգեբանությունը, մտածողությունը փոխվել է. փոփոխությունների կարելի է գնալ ավելի լոկալ բախումներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նա նշեց, որ այդ երկրի համար գոյություն չունի պատմական իրողություն, նրանց արածը իրենց թերարժեքությունն է ներկայացնում. «Ադրբեջանն այսպիսի գործողություններով ուզում է հաստատվել այս տարածաշրջանում: Կիրառում են միջնադարյան մեթոդներ, ինչն էլ ցույց է տալիս, որ մարդկայնացման ընթացքը դեռևս նրանց մոտ շարունակվում է»:
Իսկ այս չորսօրյա պատերազմն, ըստ մասնագետի, մարդկանց միաբան դարձրեց, ժողովրդի մեջ խոսեց պատմական արյան կանչը:
«Պատահական չի, որ ազատամարտիկները գնացին սահման, որպեսզի պահեն մեր երիտասարդներին: Դա էլ է հոգեբանություն, նրանք ցանկանում են, որ սերնդափոխությունը լինի բնական ճանապարհով»,-ասաց Ռուբեն Պողոսյանը:
Հոգեբանը հավելեց, որ այս ամենն անպայման ներքին կյանքում փոփոխության կբերի. «Սա ցույց տվեց, որ իշխանությունները իրենք պետք է փոխվեն, ավելի լավ ղեկավարեն, նրանք տեսան, թե ինչ լավ ժողովրդի հետ գործ ունեն»: