Ճապոնիայի հարավում երկու օրում գրանցվել է 230 երկրաշարժ
Այսօր ժամը 08.32-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստացված տեղեկատվության համաձայն սկսել է գործել Ասո հրաբուխը: Այն գտնվում է Ճապոնիայում՝ Կումամոտո շրջանում, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում գրանցվել է երկու ուժեղ երկրաշարժ:
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 20.25-ին (Գրինվիչի ժամանակով` 16.25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.850 և արևելյան երկայնության 130.570: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Ռիա նովոստին գրում է, որ 900 մարդ տուժել է, որից 171 գտնվում են ծանր վիճակում: Կումամոտո շրջանում երկրաշարժից հետո տարհանվել է 69 հազար մարդ: Կումամոտո քաղաքի օդանավակայանում գրանցված ավերածության հետևանքով հետաձգվել են բոլոր չվերթները: Օդանավակայանը փակ է:
Հիշեցնենք, որ նույն՝ Կումամոտո շրջանում երկրաշարժ էր գրանցվել նաև հինգշաբթի՝ 6,5 մագնիտուդով: Հարևան Օիտա շրջանում նույնպես գրանցվել է երկրաշարժ 5,3 մագնիտուդով:
Ընդհանուր առմամբ, հաշվելով նաև հետցնցումները, հինգշաբթի օրվանի Ճապոնիայի հարավում տեղի է ունեցել 230 երկրաշարժ: Վերջին երկու օրվա ընթացքում գրանցված երկրաշարժերի հետևանքով զոհվել է 25 մարդ: Մոտ 160 հազար ընտանիք մնացել է առանց լույս: