Ինչ են վկայում խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի մարտական փաստաթղթերը
ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանն այսօր պաշտպանության նախարարությունում ներկայացրեց ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի մարտական փաստաթղթերը:
Խոսքն ապրիլի 2-ին, ժամը 12:10 րոպեին ԼՂՀ տարածքում՝ հարավ-արևելյան մասում խոցված ադրբեջանական «МИ 24» ուղղաթիռի անձնակազմից վերցրած փաստաթղթերի մասին է:
«Կան որոշակի պարզաբանումներ, թե թշնամին ինչ մտահղացումներ է ունեցել»,-ասաց Մուրադյանը:
Խոցված ուղղաթիռի լուսանկարներ ցուցադրելով ԶՈւ ավիացիայի պետը բացատրեց, որ այն «МИ 24 Г» ուղղաթիռ է, դրա կողային համարն է 305, որը ՌԴ «МИ 24» տիպի ուղղաթիռի մոդեռնիզացված տարբերակն է:
«Մոդեռնիզացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որոշակի մասերով մոդեռնիզացված է Ուկրաինայի Հանրապետության կողմից: Սպառազինության կառավարվող հրթիռների մասով մոդեռնիզացված է Ուկրաինայում: Հնարավորություն ունի կիրառել հակատանկային միջոցներ, R2V տիպի, ուկրաինական թողարկմամբ, հեռավորությունը մինչև 7.5 կմ, լազերային ուղղորդմամբ, կիրառել ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ՝ մինչև 80 միավոր և Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից արտադրված հրանոթով, որը կարող է կիրառել մինչև 800-850 արկեր»,-մանրամասնեց Մուրադյանը:
Ուղղաթիռի առաջնամասում խոցման միջոցների կիրառման համակարգն է՝ ինֆրակարմիր դաշտով, և գիշերային, և ցերեկային պայմաններում:
Օդաչուներից վերցված փաստաթղթերից ու գրքույկների գրառումներից պարզ է դարձել, որ 2016թ. մարտի 30-ին նրանք թռիչք են իրականացրել Բաքվի տարածքում գտնվող Բաքվի օդանավակայանից, վերաթռիչք՝ դեպի Գուրդանիի ռազմական օդանավակայան: Նրանք սկսել են նախապատրաստվել հաջորդ օրվա թռիչքին՝ ռազմական օդանավակայանից դեպի Ժդանովսկ քաղաքի մոտ, որը ըստ օդաչուական կանչի՝ կոչվել է «Բեյլադան»: Ուսումնասիրելով մարտական քարտեզները, ՊՆ-ում եկել են եզրակացության, որ օդաչուն ստացել է մարտական խնդիրներ՝ թռիչքն իրականացնելուց 1-2 օր առաջ:
«Քարտեզի վրա օդաչուները ցույց են տվել հավանական հակառակորդի առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետեր, որոնք գտնվում են առաջանագծից 3-9 կմ խորության վրա: Ամենահեռահար նշանակետը Ֆիզուլի քաղաքի հարավ արևելյան մասում է: Ես որպես օդաչու, կարող եմ զեկուցել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր՝ ըստ հերթականության»,-ասաց նա:
Ավետիք Մուրադյանը նշեց, որ «սև արկղերից» ստացած տեղեկատվության համաձայն, օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, ինչի արդյունքում ունենալով կառավարարվող հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ցամաքային զորքերի դեմ միջոցներ, չի կիրառել դրանք:
«Նա կիրառել է միայն թնդանոթը, որի օպտիմալ հեռավորությունը մինչև 3 կմ խորության է: Ամենակարևորը, որ կիրառելով թնդանոթը, ձգանը սեղմած պահել է 2 րոպե, սեղմած վիճակով էլ ուղղաթիռը խոցվել է մեր տղաների կողմից»,-ասաց նա:
Ավիացիայի պետի խոսքով, ուղղաթիռի օդաչուն համարվում է մարտական խնդիր վերջնաարդյունք կատարող զինվոր:
«Իսկ զինվորը խնդիրը ստանում է 1-2 օր առաջ: Այսինքն այդ պետության ղեկավարության կողմից խնդիրը եղել է առնվազն 10 օր առաջ, ապա վերադասության կարգով խնդրավորվել է: Սա կոնկրետ մշակված ռազմական օպերացիա էր»,-ասաց Մուրադյանը:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելեց, որ այս ամենն ապացուցում է, որ հակառակորդն իրականացրել է նախապես պլանավորված լայնամաշտաբ գործողություններ:
«Այլապես օդուժի ներգրավվածություն չէր լինի այս գործողություններում, ամեն ինչ հստակ, դասական կանոններով պլանավորված է եղել, ուղղաթիռը մարտական գործողությունների շրջան է բերվել մոտավորապես երկու օր շուտ: Այս ամեն ինչը հստակ ապացույցներ են, Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ ռազմագործողության պլան և այն չի եղել փոքր մասշտաբի»,-ասաց նա:
Նշենք, որ փաստաթղթերն ու քարտեզները նախօրեին ներկայացվել են Պաշտպանության նախարարությունում օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներին: