Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը: Կանանց գերծանր քաշային կարգում երկամարտի 250 կգ (113+137) արդյունքով մեր մարզուհին վստահորեն գրավեց առաջին տեղը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտում 1 կգ-ով գերազանցելով երկրորդ տեղը գրաված վրացի Անաստասիա Հոտֆրիդին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 17-ամյա Արփինե Դանիելյանը երկամարտի 213 կգ (93+120) արդյունքով գրավեց 6-րդ տեղը:
Հռիփսիմեն այս տիտղոսին արժանանում է 2-րդ անգամ: Առաջին անգամ նա 2007 թ. էր հռչակվել Եվրոպայի չեմպիոն, երբ ոսկե մեդալ էր նվաճել 75 կգ քաշայինների պայքարում
Հիշեցնենք, որ Նորվեգիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին նաև Անդրանիկ Կարապետյանն ու Նազիկ Ավդալյանը, Տիգրան Մարտիրոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Այսօր պայքարի մեջ կմտնի նաև գերծանր քաշային Գոռ Մինասյանը: