Հայ մանուկների համար առաջին անվճար հայերեն սովորեցնող խաղ
«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ թողարկում է «Փլեյլենդ Արմենիա» առցանց խաղահրապարակը ամբողջ աշխարհի հայ երեխաների համար: Այս մասին հայտնում են Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամից:
«Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը աշխարհի հայության համար տարվա կարևորագույն իրադարձությունն էր: «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության թիմը, ի հիշատակ ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի, ցանկանում էր աշխարհի հայ մանուկներին միավորել մեկ հարթակում՝ հայկական լեզուն, մշակույթը և գաղափարները ուսուցանելու և միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տալու նպատակով: Հենց այս նպատակի շուրջ էլ համախմբվեց թիմը, և մեկ տարվա երկարատև աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Փլեյլենդ Արմենիա» խաղային հարթակը:
16 խաղերից բաղկացած անվճար հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ հրաշալի թվային խաղահրապարակում: 5-10 տարեկան բոլոր երեխաները, անկախ լեզվական գիտելիքից, հնարավորություն ունեն բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրելու հայոց լեզուն և մշակույթը: Մեծ համայնքի մի մասնիկը դառնալով` նրանք կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակիցների հետ:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հանգրվանած «Դիջիթըլ Փոմըգրանեթը» մեծ ուժեր է ներդրել երեխաների համար առցանց անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու գործում: Երեխաները չեն կարող հրապարակել անձնական ինֆորմացիա և նկարներ, իսկ նամակներ հնարավոր է գրել` օգտվելով միայն նախապես տրվող բառակապակցություններից և նախադասություններից:
«Փլեյլենդ Արմենիա» հավելվածը ոչ միայն խաղերի հարթակ է, այլ նաև հրաշալի ուղեցույց սփյուռքում և Հայաստանում ապրող հայ ծնողների համար, ովքեր ուզում են իրենց երեխաների ժամանցը համատեղել հայոց լեզվի և մշակութային տարրերի ուսուցման հետ: Բացի այբուբեն, թվեր, բառեր, գույներ և հեքիաթներ ուսուցանող խաղերից ծնողներին տրամադրվում են նաև աշխատանքային նյութեր, «ներկիր ինքդ» ոճի գրքեր, սեղանի քարտեր, բառախաղեր և մի շարք այլ ինտելեկտուալ խաղեր և վարժություններ:
«Փլեյլենդ Արմենիայի» նախնական համակարգչային տարբերակը ներկայացվել էր հանրությանը դեռևս հոկտեմբերին՝ Դիջիթեք Էքսպոյի շրջանակներում: Այնուհետև խաղը հաղթող էր ճանաչվել Հայաստանի Բաց Խաղ Առաջնության միանգամից երկու անվանակարգերում՝ լավագույն 2D խաղ և լավագույն դիզայն:
Այս տարի արդեն խաղը հասանելի է համակարգիչների, ինչպես նաև iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող պլանշետների համար:
«Փլեյլենդ Արմենիան» հավակնում է դառնալ աշխարհում հայ մանուկների համար առաջին անվճար խաղային հարթակը, որը ունի և՛ կրթական և՛ ժամանցային բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան