Մարզպետ. Գարնանացանի աշխատանքներում աջակցել զինծառայողների ու կամավորների ընտանիքներին
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզխորհուրդի անդամներին հորդորել է ամենօրյա ուշադրություն կենտրոնում պահել հայ զինվորի և նրա ընտանիքի խնդիրները:
«Գարնանացանի աշխատանքներում հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մարզի զինծառայողների և Արցախ մեկնած կամավորների ընտանիքներին: Առանձնահատուկ նյութական օգնություն տրամադրել Գեղարքունիքից ադրբեջանական վերջին ագրեսիային զոհ գնացած 5 զինծառայողների ընտանիքներին, ամեն կերպ թեթևացնել նրանց հոգսերը»,-ասել է մարզպետը:
Գեղարքունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:
«Ուզում եմ շեշտել նաև, որ Արցախի վրա ձեռնարկած ադրբեջանական ագրեսիայի օրերին մեր բոլոր համայնքների բնակիչները, հանրակրթական դպրոցներն ու համայնքապետարնները թե անձնապես, թե նյութապես կանգնել ու կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այդ նվիրումն առաջիկայում կարժանանա խրախուսանքի»,-ասել է Ռաֆիկ Գրիգորյանը: