Հակառակ դեպքում ճարտարապետությունից մնալու է միայն արհեստի բաղկացուցիչը
«Հեղինակավոր ճարտարապետների հետ շփումները, ցավոք, շատ հազվադեպ են: Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց մենք մեկուսացման մեջ ենք, և շատ հաճախ մեր իսկ մեղքով, քանի որ ուշադիր չենք, չենք հետևում աշխարհում ընթացող երևույթներին /խոսքս մասնագիտական ոլորտների մասին է, բայց դե ոչ միայն/»: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «ԱՐԽկոոպ» ճարտարապետական ավեստանոցի ճարտարապետ Արսեն Կարապետյանը, ով ներկա է եղել ապրիլի 15-ին Երևանում Մոսկվայի հանրահայտ МАРШ ճարտարապետական դպրոցի ռեկտոր Եվգենի Ասսի, դպրոցի տնօրեն Նիկիտա Տոկարևի, ճարտարապետության քննադատ Նիկոլայ Մալինինի և Ռուսաստանում «թղթե ճարտարապետության» ուղղության հիմնադիրներից մեկի` ճարտարապետ Ալեքսանդր Բրոդսկու հետ հանդիպմանը: Հանդիպման կազմակերպիչներն են եղել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Մոսկվայի МАРШ ճարտարապետական դպրոցը և ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը: Հանդիպմանը մասնակցել են ճարտարապետներ, արվեստաբաններ:
«Եվ եթե կոնկրետ Բրոդսկու և Ասսի մասին խոսեմ, իրենք շատ տարբեր են, սկզբունքորեն տարբեր փիլիսոփայություն և մոտեցումներ ունեն, բայց երկուսն էլ բացառիկ որակի արվեստագետներ են: Ընդ որում այն որակի, որը չի չափվում նախագծված, կառուցված և շահագործման հանձնված անշարժ գույքի քառակուսի մետրերով: Եվ մենք պետք է առիթներ գտնենք այս տիպի մարդկանց հետ շփումները և, ինչու ոչ, համատեղ գիտական կամ ուրիշ աշխատանքը դարձնենք պարբերական: Գումար գտնենք և հրավիրենք լավագույն մասնագետների, որոնք տիրապետում են նաև խոսքի և կարող են առնվազն դասախոսություն կարդալ: Հակառակ դեպքում ճարտարապետությունից մնալու է միայն արհեստի բաղկացուցիչ»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում Հայաստանի ճարտարապետները միշտ եղել են աշխարհի զարգացումների առաջնագծում, այսօր, ցավոք, այդպես չէ, շատ հետ են:
Ալեքսանդր Բրոդսկի
Տարբեր մրցույթներում հաղթած, 2001-ին Միլանի տրիենելում «Եվրոպայի լավագույն նկարիչ» ճանաչված Ալեքսանդր Բրոդսկին, ռուս արվեստաբան, ճարտարապետության քննադատ Գրիգորի Ռևզինի համոզմամբ, անկասկած, կներկայացնի մեր ժամանակները նաև ապագայում. «Նրան չեն նախանձում, եթե նախանձում են, ապա թաքցնում են դա: Նա մարդկանց մոտ արթնացնում է քնած լավագույն զգացմունքները»:
«Չեմ հիշում Բրոդսկու որևէ գործը՝ 1980-ականների «թղթե ճարտարապետություն»-ից մինչև 2008-ին ստեղծված ինստալյացիաներ, որոնք գործընկերների կամ հանդիսատեսի կողմից քննադատվեին: Բոլոր գործերն ընդունվել են հիացմունքով»,- գրել է նա:
2006-ին Վենետիկի Բիենալեում նա ներկայացրել է Ռուսաստանը: «Ցուցահանդեսի ժամանակ ես կրկնեցի այն բառերը, որոնցով Դմիտրի Բիկովը նկարագրել էր Պաստեռնակի բանաստեղծությունները՝ «Բրոդսկու ստեղծածը՝ «երջանկության ակնթարթային ներարկում»»:
«Ալեքսանդր Բրոդսկու երկու մասշտաբային ինստալյացիաներ (Նյու Յորք, Մոսկվա), ըստ էության, իրենցից ներկայացնում են «չմոռացված իրերի կատալոգ». անվերջանալի սեղաններ, մանկական մեքենաներ, գրքեր, Լենինի կիսանդրին, ակնոցներ, ատրճանակ, հին հեռուստացույց, հեռախոս, մատիներ, գրիչներ և այլն, իրեր, որոնք շրջապատել են մարդկանց կյանքում և նույնիսկ դեռ կշրջապատեն: Բրոդսկին նախ և առաջ ճարտարապետ է, այլ ոչ թե նկարիչ: Նկարիչներից որևէ մեկի հետ նրան հնարավոր չէ համեմատել, իր ոճով, պոետիկությամբ նա որևէ մեկին նման չէ:
Սկզբունքորեն, Բրոդսկու աշխարհը կարելի է անվանել «կախարդական հեքիաթի աշխարհ»: Հեքիաթի առանձնահատկությունը (ի տարբերություն լեգենդի, և այլ քնարական ժանրերի), այն է, որ այն տեղի է ունենում ամենօրյա աշխարհում՝ խոհանոցում, սենյակում, սարայում, սովորական իրականության մեջ: Բայց այն ամենը, ինչ նրանում կա, դա «այն» չէ, այլ «ով», բոլոր առարկաները՝ սուբյեկտներ են: Աթոռը, ափսեն, գդալը, կարտոֆիլը ցանկացած պահի կարող են խոսել, օգնել, վիրավորվել: Նրանք միշտ ինչ-որ ձևով առկա են, իսկ եթե առկա չեն, նշանակում է, որ չեն ուզում մասնակցել այդ հեքիաթին և սպասում են հաջորդին: Բրոդսկու մոտ ամեն ինչ այդպես է տեղի ունենում, և ճարտարապետությունը, որը նա կկառուցեր, իր գաղափարով պետք է այդպիսին լիներ, որպեսզի դրանում խոսեն պատուհանները, դռները, պատերը, հատակն ու առաստաղը: Պետք է խոսեն լուրջ բաների մասին: Իրականում, «թղթե ճարտարապետությունը», որը նա Ուտկինի հետ նկարեց 80-ականներին, հենց այդպիսին էր»,- գրել է արվեստաբանը:
Եվգենի Ասս
Ճարտարապետ մինիմալիստ, նկարիչ, դիզայներ Եվգենի Ասսն իր ճարտարապետությամբ ուզում է ինչ-որ կերպ արտացոլել մարդկային գոյության արժեքը, որը նրա համար վերջնական և միակ արժեքն է: Նա մի շարք ճարտարապետական ծրագրերի հեղինակ է, տարբեր բիենալեների մասնակից: Ճարտարապետը խոստովանել է, որ նկարում է միշտ, բայց ինքը հաճախ չի հասկանում՝ ինչու, ինչ, և դասախոսւթյունների ժամանակ խոսում է երբեմն բաների մասին, որոնք ոչ միայն լսարանի, այլ նաև հենց իր համար են: Նրա գրաֆիկան՝ միաժամանակ պարզ և բարդ, ունի տարբեր նշանակություն: Եվգենի Ասսի մասին ասում են՝ ճարտարապետ, ով չի ամաչում հայտնել իր կարծիքը:
Ալեքսանդր Բրոդսկու և Իլյա Ուտիկինի «թղթե ճարտարապետություն»
Լուսանկարները՝ m-arch.livejournal.com կայքից:
«Ասս ճարտարապետների» աշխատանքներից
Լուսանկարները՝ www.asse.ru կայքից: