Հրազդանցիներն ակտիվ մասնակցում են քաղաքապետի ընտրություններին
Հրազդանում այսօր ժամը 08:00-ից բացվել են բոլոր 28 ընտրատեղամասերն ու մարդիկ ակտիվորեն մասնակցում են քաղաքապետի ընտրությանը: Թիվ 25/16 ընտրատեղամասի առաջ մարդկային մեծ կուտակումներ են, և հանձնաժողովի նախագահ Սևակ Մկրտչյանը Panorama.am-ին ասաց, որ փորձում են այնպես անել, որ փոքր խմբերով մարդիկ մտնեն տեղամաս և մասնակցեն քվեարկությանը:
Քաղաքապետի թեկնածուներից Սասուն Միքայելյանի վստահված անձ Գեղամ Հակոբյանը Panorama.am-ին ասաց, որ որևէ խախտում չեն գրանցել, մեծ ակտիվություն են նկատում մարդկանց շրջանում:
Քաղաքացիներից մեկը նշեց, որ ուրախ տրամադրությամբ եկել է քվեարկության և քվեարկում է մեծ փոփոխությունների օգտին:
Ի դեպ, Panorama.am-ի թղթակիցը թիվ 25/13 ընտրատեղամասի առաջ տեսել է մի տղայի, ով բացահայտ քարոզչություն էր անում՝ հագին ունենալով Սասուն Միքայելյանի դիմանկարով շապիկ:
Նշենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուները երեքն են, երեքն էլ տարբեր կուսակցություններից` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը` ՀՀԿ-ից, Սասուն Միքայելյանը` Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից և երրորդ թեկնածուն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից է` Արթուր Միսակյանը: Հիմնական պայքարն այստեղ ընթանալու է առաջին երկու թեկնածուների միջև: