Հերմինե Նաղդալյան․ԵԽԽՎ նախագահը ցանկանում է վստահության մթնոլորտ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև
Panorama.am-ի հարցազրույցը ԱԺ փոխանախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ՝ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումների հետ կապված։
-ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ներառված էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկում, որի համար ներկայացվել էր 3 վերնագիր․ ՀՀ պատվիրակությունն առաջարկել էր քննարկումն անցկացնել «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով, Ադրբեջանի պատվիրակությունը՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան», ֆրանսիացի պատգամավորի կողմից առաջարկվել էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» վերնագիրը։ Սակայն ԵԽԽՎ բյուրոն որոշեց մերժել Ղարաբաղի վերաբերյալ քննարկումը՝ փոխարենը օրակարգում ներառելով Պանամա թղթերի հետ կապված հարցը։ Ինչո՞վ էր պայմանավորված բյուրոյի նման որոշումը։
-Բյուրոյի համար բավական խնդրահարույց էր, որ նույն թեմայի համար առաջարկվել էին 3 տարբեր ձևակերպումներ և դա ստեղծեց լուրջ փակուղի, անհանգստություն առաջացրեց, որ մտնելով այս թեմայի մեջ, իսկապես ԵԽԽՎ-ն կարող է ամենածայրահեղական քայլերի գնալ, որոնք գործընթացների վրա ազդելու, բարելավելու առումով որևէ օգուտ չունեն և բերելու են միայն իրադարձությունների անտեղի սրման։Այստեղ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ ԵԽԽՎ նախագահի՝ ապրիլի 2-ի հայտարարությունից հետո եղավ շատ լուրջ դժգոհություն, որն արտահայտվեց հայաստանյան հանրության մեջ։ Այդ դժգոհությունը մենք՝ որպես ԵԽԽՎ-ում ներկայացված պատվիրակություն, հասցրեցինք ԵԽԽՎ նախագահական կոմիտեին, բյուրոյին և խորհրդարանականների լայն շրջանակներին։ Նման գործընթացների մեջ բյուրոյի զգուշավորությունը թելադրվեց նաև նրանով, որ հունվարյան նստաշրջանում ունենալով ծանր բանավեճ ու նախագահին ուղղված այս հանդիմանանքը, ԵԽԽՎ-ն ձեռնպահ մնաց նման լայն քննարկումից։
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը օրակարգում չներառելը դրակա՞ն, թե բացասական ազդեցություն կարող է ունենալ ԵԽԽՎ-ում իրավիճակի ճշգրիտ ներկայացման համար։
-Որպես ԵԽԽՎ պատվիրակներ, այս դեպքում մենք առավել մեծ հնարավորություններ ունենք, առանց սահմանափակման, տարբեր տեսանկյուններից, տարբեր ելույթներով բարձրաձայնել թեման, ինչն արդեն իսկ արվում է․պատվիրակության անդամները տարբեր քաղաքական խմբերի, ազգային պատվիրակությունների, առանձին պատվիրակների հետ հանդիպումներով, ինչպես նաև օրակարգային տարբեր հարցերի շուրջ բազմաթիվ ելույթներում պարտադիր անդրադառնում են այս թեմային, տրամադրում են տեղեկատվություն, փաստագրական նյութեր, լուսանկարներ, բաժանվում են գրքույկներ, որոնք պարունակում են Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին տվյալներ։ Իսկ այն դեպքում, երբ հարցն օրակարգում ներառված է, ազատ ու բազմաթիվ ելույթների հնարավորությունները բացառված են։ ԵԽԽՎ-ի պարագայում, երբ գիտենք, որ նրա որոշումների դերակատարությունը խիստ սահմանափակ է՝ որպես խորհրդատվական փաստաթուղթ կամ պարզապես քննարկումներ առանց փաստաթղթերի, իրականում շատ ավելի կարևոր է, որպեսզի մենք կարողանանք պատվիրակներին իրական, օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդենք։ Այս իմաստով, բյուրոյի այս որոշումը մեզ համար նախընտրելի էր։
-Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը վեհաժողովում հայտարարեց, որ կոչ է անում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը՝ նստել սեղանի շուրջ և գտնել խնդրին խաղաղ լուծում։ Ընդունվելո՞ւ է այս առաջարկը Ձեր կողմից, թե ոչ։
-Այսօր բյուրոյի նիստի ժամանակ ԵԽԽՎ նախագահը, ներկայացնելով նախագահական կոմիտեի վերաբերմունքն այս օրակարգին, ասաց, որ անհրաժեշտ է և ինքը ձեռնարկելու է հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ՝ փորձելով կողմերին բերել կառուցողական դաշտ և վերադառնալ այն առաքելությանը, որն իրոք պատկանում է ԵԽԽՎ-ին։ Այսինքն ոչ թե միջամտել հակամարտության լուծմանը, այլ օժանդակել վստահության միջավայրի ձևավորմանը։ Սա բավական դրական ընդունվեց նաև բյուրոյի անդամների կողմից և Սեիդովի այսօրվա ելույթի բովանդակությունը գալիս էր այս առաջարկից։ Իսկ առաջարկը ընդունելու հետ կապված, կարծում եմ, որ անհրաժեշտությունը կա։ ԵԽԽՎ-ն, փոխանակ դարձնելու Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների համար մարտադաշտի, անհրաժեշտ է իրականացնել նրա իրական առաքելությունը։ Այսինքն, մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարություն, վստահություն հասարակությունների միջև և սև խոռոչների վերացում։ Բայց, իհարկե, մինչև հանդիպում նախաձեռնելն անհրաժեշտ են ռեալ քայլեր, որոնք պետք է կատարվեն ինչպես վեհաժողովի ղեկավարության, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակության կողմից։
-Տիկին Նաղդալյան, ԼՂ հարցը չքննարկվեց վեհաժողովում, սակայն այն ընդգրկված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների միջև հակամարտությունների ենթակոմիտեի օրակարգում, ե՞րբ է տեղի ունենալու այս քննարկումը։
-Այո՛, ենթակոմիտեն այս լիագումարի ընթացքում նիստ կանցկացնի, որի ժամանակ տեղի կունենա մտքերի փոխանակում այն մասին, թե ինչպես է պետք է գործընթացն իրականացվի։
Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան