Ի գիտություն ենք ընդունում Հրազդանի ընտրությունների արդյունքները. Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ Հրազդանում, քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբում տեղի ունեցած ասուլիսում շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Միքայելյանին ընտրած հրազդանցիներին:
«Որպես Ազգային ժողովի պատգամավոր, ներողություն եմ խնդրում այն հազարավոր հրազդանցիներից, ովքեր իրենց սոցիալական վիճակի, քաղաքացիական հուսահատության բերումով, ստիպված էին ընտրություն կատարել փողի և վարչական հարկադրանքի ներքո:
Այս իմաստով մենք ի գիտություն ենք ընդունում ապրիլի 17-ի ընտրությունների արդյունքները, վերը նշված համատեքստում ընդունում ենք պատասխանատվության մեր բաժինը: Հարկ եմ համարում ընդգծել, որ առաջիկա մեր գործունեությունը միտված է լինելու մեր օգտին քվեարկած քաղաքացիների վստահությունը ամրապնդելուն և մեր օգտին չքվեարկած քաղաքացիներին ավելի հասկանալի դառնալուն:
Շնորհակալություն եմ հայտնում Սասուն Միքայելյանի ենթաշտաբների ղեկավարներին, կենտրոնական շտաբի անդամներին, քարոզչական խմբերին, մեր ընտրարշավին նյութական, իրավական, կազմակերպչական աջակցություն ցուցաբերած անձանց», -մամուլի ասուլիսում հայտարարեց շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ Սասուն Միքայելյանի օգտին ձայն տված հրազդանցիների ոչ մի քվե «չի կորսվել»:
«Մենք լիովին կատարել ենք Սասուն Միքայելյանին տրված յուրաքանչյուր քվեն պահպանելու և պաշտպանելու՝ հրազդանցիներին տված մեր խոստումը և սա համարում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա տարածքային կառույցների քաղաքական վստահելիության անհերքելի վկայություն», -հայտարարեց Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց նաև Սասուն Միքայելյանին՝ «հրազդանցիներին ընտրության հնարավորություն տալու համար»: