ԵԽԽՎ-ում բաժանվում են Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին նյութեր
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կտևի մինչև ապրիլի 22-ը։ Հայաստանի պատվիրակության անդամները ԵԽԽՎ բոլոր խմբակցություններում բաժանում են Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ պատրաստված գրքույկներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանի կողմից տարեց մարդկանց սպանությունները, զինվորի գլխատումը, երեխաների սպանությունները։ ՀՀ պատվիրակության անդամների այս քայլը զայրացրել է Ադրբեջանի պատվիրակության անդամներին։
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցին ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքն այս գրքույկները բաժանել է Եվրոպայի պահպանողականների խմբակցությունում և այն հանձնել է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակության անդամներին՝ այդ թվում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամադ Սեյիդովին։
«Սեյիդովն, իհարկե, սկսեց աղմուկ բարձրացնել, որ ես կանոնակարգ եմ խախտում և պետք է արգելվի առանց քարտուղարության իմացության ցանկացած տեղեկատվության տարածումը։ Սեյիդովի ելույթից հետո, երբ շատերն էին ցանկանում խոսել այս մասին, ղեկավարն ընդհատեց և ասաց այս խմորը շատ ջուր է տանելու ու նպատակահարմար չէ այս բանավեճը բացել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
ՀՀ պատվիրակության անդամն ասաց, որ ողջ նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակության անդամները տեղեկացնելու են պատգամավորներին և վեհաժողովում խոսելու են Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ օրակարգից հանվեց Ղարաբաղյան թեման, որի փոխարեն ընդգրկվեց Պանամա թղթերի վերաբերյալ հարցը, որի քննարկումը, ըստ օրակարգի, նախատեսված է այսօր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան