Պետք է գնալ Արցախի ճանաչմանն ու պետականության հաստատմանը. Աշոտ Մելքոնյան
Բազմիցս ասվել է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելուց հետո աշխատանքները չեն ավարտվում, այլ հակառակը, նոր են սկսվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն՝ ապրիլի 24-ին ընդառաջ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
«Ցեղասպանության 50-րդ տարելիցը նշելուց հետո՝ 1965 թվականին, մենք գտնվում էինք մի իրավիճակում, երբ առավելապես խոսում էինք Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, քանի որ թուրքական կողմը որդեգրել էր ժխտողական կեցվածք: Այդ ժամանակ մենք պահանջատիրությունից շատ պայքարեցինք ճանաչման համար և թուրքական ժխտողականության դեմ: Բարեբախտաբար, վերջին տասնամյակում կարողացանք մեր մոտեցումները արմատապես փոխել, քանի որ մեր խնդիրը ճանաչումը չէ, քանի որ այդ իրողությունն այնքան հստակ է, այնքան ակնհայտ ամբողջ աշխարհին, գիտական հանրությանը, որ կարիք չկար անգամ դրա վրա հիսուն տարի կորցնել: Արդեն երկրորդ հարյուրամյակում մենք ամբողջապես մեր պայքարը տանելու ենք պահանջատիրության տեսանկյունից»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ պահանջատիրական մոտեցումը մտել է օրակարգ և հասարակության մեջ և Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատությունները ևս կառուցվել են այդ ոգով՝ կանգ առնելով մի այնպիսի հանգամանքի վրա, ինչը հայրենազրկումն է. «Օրինակ վերջերս լույս տեսած իմ մենագրությունը կոչվում է «Ցեղասպանություն և հայրենազրկում», որտեղ ցույց ենք տալիս, որ մեզ հետ տեղի է ունեցել ոչ թե միայն էթմիկ հողի վրա սպանություն, այլ նաև հայրենազրկում: Իսկ երբ խոսում ենք նաև հայրենազրկումից, ապա պատկերացնում ենք, որ հարցը միջազգային դատարանում վիճարկվելու է տարածքայինի և նյութականի ուղղությամբ պայքարի տեսքով»:
Ըստ Պատմության ինստիտուտի տնօրենի՝ այս հարցը պատմագիտականից պատմաիրավագիտական դաշտում է տեղափոխում:
Նա տեղեկացրեց նաև, որ չորս գիրք է տպագրվել, ևս չորսը ընթացքի մեջ են, որտեղ Հայոց ցեղասպանության մասին գրված է պահանջատիրական և հայրենազրկման ոգով:
Ինչ վերաբերում է ապրիլի սկզբի քառօրյա պատերազմին՝ Աշոտ Մելքոնյանը վստահեցրեց, որ հայ ժողովուրդը պատմությունից դասեր քաղել է. «Պատմությունից դասեր քաղել ենք, որովհետև մենք անցել ենք մի քարքարոտ ճանապարհ, դժվարին, դառը և այդ դառը պտուղներից հետևություն ենք արել և թույլ չենք տա այն կրկնելու մեր հակառակորդներին ու թշնամիներին»:
Մելքոնյանի խոսքով՝ այսօր միջազգային հանրությունը, կարծես թե գալիս է այն համոզման, որ Արցախի խնդրի լուծումն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածի շրջանակներում, ենթադրում է նոր 1915 թվական. «Արցախի հայությունը միանշանակ կենթարկվի ցեղասպանության՝ վերջին փաստերը դրա մասին են վկայում, այդ վայրագությունները, որ այս ապրիլ ամսի սկզբին թույլ տվեցին մեր զինվորների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիք»:
Նա օրինակ բերեց Կոսովոն, երբ աշխարհն ընդունեց, որ այնտեղ տեղի է ունեցել էթնոցիդ, և այդ կրոնական ազգի համար պետք է միջազգայնորեն ճանաչված մի պետություն լինի, որ այս էթնոսը փրկվի. «Նույնը պետք է լինի Արցախի դեպքում: Մեր պարագայում ևս պետք է գնալ Արցախի ճանաչմանը և պետականության հաստատմանը, որպեսզի հայության այդ հատվածը չենթարկվի ցեղասպանության»:
Նա հավելեց, որ այս կոնֆլիկտը սկսել է աշխատել հօգուտ մեզ և պետք է այդ ուղղությամբ աշխատել, ԼՂՀ անկախության ճանաչմանը հասնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան