ԵԽԽՎ օրակարգի նախագծից հանվեց ղարաբաղյան թեման ու ընդգրկվեց «Պանամա թղթերի» հարցը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը։ Նստաշրջանի օրակարգի նախագծում առաջարկվել էր ընթացիկ հարցերի տակ ներառել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկում։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, թեմատիկ քննարկման համար առաջակվել էր 3 վերնագիր։
ՀՀ պատվիրակությունն առաջարկել էր քննարկումն անցկացնել «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով, Ադրբեջանի պատվիրակությունը՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան», ֆրանսիացի պատգամավորի կողմից առաջարկվել էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» վերնագիրը։
Նախագծում ընթացիկ հարցերի տակ քննարկման համար առաջարկվել էր նաև անցկացնել քննարկում «Պանամա թղթերի գործը և ֆինանսական, սոցիալական և հանրային վստահության մտահոգությունները մեր ժողովրդավարական համակարգում» թեմայով։
Այսօր առավոտյան ԵԽԽՎ բյուրոն քննարկել և որոշում է կայացրել ընթացիկ հարցերի քննարկման համար հաստատել Պանամա թղթերի վերաբերյալ առաջարկությունը։
Ըստ ԵԽԽՎ ընթացակարգի, ընթացիկ հարցերի տակ ներկայացված առաջարկներից բյուրոն իրավունք ունի ընտրել միայն մեկը և վերջնական որոշումը ներկայացնել նստաշրջանի բացմանը, որը պետք է աջակցություն ստանա վեհաժողովի անդամների կողմից։
Ինչպես ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, Բյուրոյում տեղի է ունեցել թեժ բանավեճ։ Բյուրոյի անդամները նշել են, որ ընդամենը 2 ամիս առաջ ԵԽԽՎ-ն լայնածավալ քննարկում է իրականացրել Ղարաբաղի վերաբերյալ և ԵԽԽՎ պատգամավորների մոտեցումներն այս հարցում չեն փոփոխվել, որն արտահայտվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի զեկույցի նախագծի մերժմամբ։
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթներ կունենան Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
ԵԽԽՎ օրակարգում է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը, միգրանտների մարդու իրավունքները, սիրիացի փախստականների ճգնաժամը։ Առաջարկվել է նաև հրատապ քննարկում անցկացնել ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյի գործով, ով ՌԴ-ում դատապարտվեց 22 տարվա ազատազրկման։
Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը, որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, ելույթով հանդես կգա վեհաժողովում։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսը կներկայացնի 2015թ․-ի իր գործունեության զեկույցը։ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կպատասխանի խորհրդարանականների հարցերին։
Նշենք նաև, որ ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ այսօր ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարվել է մամուլի ասուլիսով հանդես գալ նստաշրջանի մեկնարկից առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին