Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու տակի շինության մասը սեփականաշնորհվել է քաղաքացու կողմից
Հայաստանի մշակույթի և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունների միջև կնքվել է 2016-2018 թթ. համագործակցության ծրագիր, որում ներառված են մշակութային ժառանգությանը վերաբերող բոլոր հարցերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը:
Նա տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ է վերադարձել Վրաստանից, որտեղ քննարկվել են հուշարձանների պահպանությանը վերաբերող հարցեր, սեպտեմբերին վրաց գործընկերներն են գալու Հայաստան:
Ս.Մուսոյանն ասաց, որ համագործակցոթյան ծրագրում ներառված է Վրաստանի տարածքում գտնող 5 հայկական եկեղեցի, որից երկուսը՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ ու Սուրբ Էջմիածին եկեղեցիները վերականգնված են, նորմալ վիճակում են և օգտագործվում են: Մյուս երեք եկեղեցիների՝ Թբիլիսիում գտնվող Մուղնեցուց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին, դեպքում, ըստ նրա, խնդիրներ կան. դրանց անմիջապես հարևանությամբ տներ կան, պատերը կպած են եկեղեցուն, կամ սեփականացված տարածք են: Ս.Մուսոյանի խոսքով, Սուրբ Նշանի դեպքում եկեղեցու տակի շինությունը սեփականաշնորհվել է քաղաքացու կողմից:
«Վրաց պաշտոնյաներն էլ են զարմանում, երևի խառը ժամանակաշրջաններում են եղել: Վրաստանի կառավարությունը զբաղվում է այս ուղղությամբ, որպեսզի հետ վերցնեն բնակիչներից, փոխհատուցեն նրանց»,- ասաց նա:
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալի խոսքով, ստեղծված աշխատանքային խումբն անընդհատ աշխատելու է, փորձելու են խնդիրները համատեղ լուծել:
Ըստ Ս.Մուսոյանի, վրացիներն էլ հետաքրքրվում են Հայաստանի տարածքում գտնվող քաղկեդոնական եկեղեցիներով, որոնք ունեն վրացերեն գրություններ: