Երբեմն գիտական աստիճանի վկայագիր են ստանում «գրել տված» աշխատանքները. Լ. Արզումանյան
Այս օրերը սթափվելու կոչ պետք է լինի ամեն համակարգում, այդ թվում նաև կրթության, բարձրագույն որակավորման համակարգում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
«2015-16 թվականների մարտին ԲՈՀ-ում կատարվեցին կանոնակարգային փոփոխություններ, որոնց նպատակը մեկն էր՝ մեծացնել մասնագիտական խորհուրդների պատասխանատվությունը, որոնք գնահատում են գիտական աշխատանքը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին տարեկան մոտ 500 գիտական աշխատանքի պաշտպանություն է տեղի ունենում Հայաստանում. «Թիվն առաջին հայացքից կարող է շատ մեծ թվալ: Կոպիտ է հնչում, բայց երբ որ մենք այդ թվից հանում են նրանց, ովքեր, այսպես ասած, չգիտես ինչու են պաշտպանում, նրանց որոնք պաշտպանում են նաև բանակից ազատվելու համար, նաև մոտ հարյուր իրանցու, մնում է 300, որը բնավ էլ շատ չէ մեր բուհերում դասավադելու համար»:
Ինչ վերաբերում է Հայաստանում իրանցիների գիտական աշխատանքներ պաշտպանելուն՝ Լիլիթ Արզումանյանը նշեց, որ նրանց մեջ հաճախ են հանդիպում անբարեխիղճ աշխատանքներ ներկայացնողներ. «Ցավոք դրանք անցնում են մեր մասնագիտական խորհուրդների կողմից, սակայն արդեն Իրանում գիտական աստիճանի վկայագիրը լուրջ քննության է ենթարկվում, հաճախ չի համապատասխանում և մերժվում է, ինչն էլ հետևանք է դառնում, որ պակասի արդեն գիտական աստիճանի կոչում ստանալ ցանկացող իրանցիների թիվը»:
Ըստ նրա, այստեղ շատ մեծ անելիք կա մասնագիտական խորհուրդների աշխատանքի բարեփոխման հարցում:
Մասնագետը ամենացավոտ կողմը համարեց, այսպես կոչված, «գրել տված» աշխատանքը. «Հաճախ մեր սեղանին գալիս է հայցորդի կողմից ուրիշին գրել տված աշխատանք, որտեղ հետաքննություն անել այլևս չենք կարող: Հենց այստեղ կարևորը մինչ ԲՈՀ հասնելը մասնագիտական խորհուրդի աշխատանքն է: Բավական է նրանք հայցորդին հարցեր տան և հասկանան՝ աշխատանքն ինքն է կատարել, թե ոչ: Պետք է աշխատանք տանել գիտական աստիճանի որակի արժեվորման գործընթացում»:
Եվս մեկ ցավոտ հարց բարձրացրեց մասնագետը. «Երիտասրդներին պահելու խնդիր կա, հաճախ հայցորդը ներկայացնում է իր աշխատանք, իսկ հետո ծնողներն էին գալիս նրանց վկայագրերը վերցնելու, քանի որ նրանք արդեն Հայաստանում չեն լինում»:
Լիլիթ Արզումանյանը հայտնեց նաև, որ վերջին տարիներին դոկտորների թիվը չի մեծանում՝ տարեկան հասնելով մոտ քառասունի:
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահն ասաց, որ ամենաշատը շարունակում են գիտական աշխատանքներ ներկայացնել տնտեսագիտությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան