4+4+4-ը կատարեց իր միսիան. Հովհաննես Սահակյան
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստում, որը կկայանա ապրիլի 22-ին, Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկման առարկա կդառնա: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նրա տեղեկացմամբ, քննարկումից հետո օրինագիծը կընդգրկվի ապրիլի 25-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ:
Ազգային ժողովում այժմ շրջանառության մեջ դրված օրինագիծը շահագրգիռ անձանց, տարբեր կազմակերպությունների ու քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում փոփոխված ու լրամշակված տարբերակն է:
Սահակյանը ընդգծեց, որ օրինագծի՝ առաջինից երկրորդ ընթերցումն ըննկած ժամանակահատվածում անկասկած, փոփոխությունների կենթարկվի:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումներին, Սահակյանն ասաց, որ այդ ձևաչափը «իր միսիան կատարեց»:
«Ինձ համար այդ քննարկումների ժամանակ բազմաթիվ օգտակար մտքեր, տեսակետներ հնչել են, բայց նաև կային անընդունելի տեսակետներ: Մյուս կողմը դրանք ընդունում էր մեկ վերջնական ու վերին ատյանի ճշմարտություն ու չէին փորձում մեզ հետ քննարկումների գալ», -ասաց Սահակյանը:
Հարցին, թե ի վերջո կոնսենսուս կայացա՞վ կողմերի միջև, պատգամավորը պատասխանեց, որ կոնսենսուսի գալու կամ չգալու մասին հայտնի կդառնա Ազգային ժողովի մեկնարկելիք լիագումար նիստում:
«Շարունակում ենք աշխատել թե տարբեր հասարակական կազմակերպությունների, թե խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ», -փոխանցեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:
Նշենք, որ քաղաքացիական հասարակության, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ 4+4+4 ձևաչափով քննարկումների նպատակն էր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընդհանուր համաձայնության գալ ընդդիմության մի քանի պահանջների շուրջ: Ընդդիմության հիմնական պահանջը՝ հրապարակել ստորագրված ընտրացուցակները պաշտոնապես, չընդունվեց: Փոխարենը իշխանությունն առաջարկեց օրենքով տալ հնարավորություն ծանոթանալ ստորագրված ընտրացուցակներին, անել քաղվածքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին