Հրազդանում չեն եղել լցոնումներ, կրկնաքվեարկություն և ձեզ հայտնի մյուս կեղծիքները. Նիկոլ Փաշինյան
Հրազդանի քաղաքապետի ընտրություններում որևէ ընտրատեղամասի ընտրությունների արդյունքներ չեն բողոքարկվի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր քվեները, որոնք եղել են քվեատուփում, պաշտպանվել են մեր վստահված անձանց կողմից: Որևէ մեկը չի կարող ասել, որ Սասուն Միքայելյանի օգտին քվեարկած որևէ քվե կորսվել է, չի հաշվառվել: Դա բացառված է ուղղակի, որովհետև մեր վստահված անձինք պաշտպանել են այն: Ես ասում եմ՝ չեն եղել լցոնումներ, չեն եղել ձեզ հայտնի էն կեղծիքները՝ կրկնաքվեարկություն և այլն: Էն մեխանիզմը, որ մենք ներդրել էինք, դա սկզբունքորեն բացառում էր նման հնարավորությունը», -հայտարարեց Փաշինյանը՝ այդուհանդերձ չբացառելով որևէ խախտում:
Նրա խոսքով, չի կարող նաև լինել այլ բնակավայրերից բերված քաղաքացիների քվեարկություն և իրենց կողմից ներդրված համակարգը «ուղղակի բացառում է ընտրակեղծիքների իրականացումը»:
Նա կարևորեց այն, որ իրենք ձգտում են քաղաքական փոփոխություններ իրականացնել, բայց միևնույն ժամանակ գիտակցում են, որ ժողովրդավարական հանրության մեջ հնարավոր չէ այդ փոփոխությունների հասնել առանց հանրության մեծ մասի աջակցության:
«Այսինքն՝ հանրության 50+1 տոկոսը մեզ պետք է պատվիրակի անել այդ փոփոխությունները, որպեսզի մենք դրա իրավասությունն ունենանք: Հետևաբար, այսօր մենք արձանագրում ենք, որ Հրազդանի հանրության 50+1 տոկոսը նման պատվիրակում մեզ չի տվել, և արդյունքները ընդունում ենք ի գիտություն՝ իմանալով, որ այս իրավիճակն ստեղծվել է ընտրակաշառքների բաժանման ու հարկադրանքի միջոցով:
Բայց, այնուամենայնիվ, կեղծիքի էս տեսակն ունի մի շատ կարևոր առանձնահատկություն՝ դա հնարավոր չէ իրականացնել, եթե ընտրակեղծարարը քաղաքացուն, ընտրողին չունի որպես պարտնյոր, այսինքն՝ որևէ ձևով նրան չի ներգրավում գործարքի մեջ: Մենք ընդունում ենք ի գիտություն այս իրավիճակը նման դեպքերում ընդունված է մեղադրանքներ հնչեցնել քաղաքացիների հասցեին: Ես քաղաքացիների հասցեին ոչ մի մեղադրանք չեմ հնչեցնում, հակառակը ներողություն եմ խնդրել այդ քաղաքացիներից, ովքեր գտնվում են այդ վիճակում:
Սա մեր ամոթն էր, որովհետև ես Հրազդանում տեսել եմ մարդիկ, մտել եմ տներ, բնակարաններ և դժվար է պատկերացնել, որ այս ժամանակներում նման պայմաններում մարդիկ են ապրում», -հայտարարեց Փաշինյանը:
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, Դանիելյանը ստացել է 12 510 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը` 10 267 ձայն:
Հարակից հրապարակումներ`
- Ի գիտություն ենք ընդունում Հրազդանի ընտրությունների արդյունքները. Նիկոլ Փաշինյան
- Հայտնի են Հրազդանի ընտրությունների արդյունքները