Ս. Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում. Ադրբեջանի ժողովրդին նույնիսկ չեն թույլատրել տեղեկանալ «Պանամյան փաստաթղթերի» մասին
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը այսօր Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում գրավոր հայտարարություն է տարածել՝ գործընկերների ուշադրությունը հրավիրելով «Պանամյան փաստաթղթերի» և Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործարքների վրա:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մինչդեռ Պանամյան փաստաթղթերը ցնցել են միջազգային հանրությունը և շատ երկրներում քաղաքական ճգնաժամերի և բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառ են դարձել, Եվրոպայի Խորհրդի միայն մեկ երկրում բնակչությանը նույնիսկ չի թույլատրվել տեղեկանալ այս սկանդալի մասին` մի կողմ թողնելով դրա քննարկումը: Այդ երկիրը Ադրբեջանն է: Նույնիսկ Վեհաժողովում մեր կողքին նստած Ադրբեջանի պառլամենտի անդամները կարող են փաստել՝ կամ այդ փաստաթղթերում ոչինչ չկա Ալիևի ընտանիքի մասին, կամ էլ եթե կա, ապա դա հայկական լոբբիի աշխատանքի արդյունքն է: Ահա այսպես է ընթերցվում, ընկալվում և մեկնաբանվում Ալիևի բռնատիրական ռեժիմում ամեն բան, նույնիսկ եթե դա ընդհանրապես կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»:
Մեջբերելով ներկայումս բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի հոդվածներից մեկից մի հատված, Ֆարմանյանը ԵԽԽՎ պատգամավորներին է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու դուստրերի՝ Լեյլա և Արզու Ալիևաների կողմից կառավարվող ոսկու հանքերի շուրջ 300 աշխատակիցներին գործից հեռացնելու փաստը, որը նաև հաստատվել էր “Պանամյան փաստաթղթերի” միջոցով: Համաձայն Պանամյան արտահոսքի, Ալիևի ընտանիքը միայն այս բիզնեսում տնօրինում է օֆշորում գրանցված Ադրբեջանի միջազգային հանքարդյունաբերական կազմակերպության բաժնեմասերի 70%-ը, և եկամտի միայն 30%-ն է վճարվում պետական գանձարան:
«Պետք չէ թերահավատ լինել նաև այն պնդումների նկատմամբ, որ Պանամյան փաստաթղթերի հրապարակումը այն կարևոր պատճառներից մեկն էր, որը Ալիևին ստիպեց լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ այս փաստաթղթերի հրապարակումից առաջ՝ սեփական ժողովրդից այս պայթյունավտանգ սկանդալը կոծկելու նպատակով», - եզրափակում է Ֆարմանյանը: