
Գյուղացիները պահանջում են մթերված խաղողի գումարը
Մթերած խաղողի դիմաց շատ գյուղացիների գործարանատերերը դեռ չեն վճարել: Այսօր Այգեզարդ, Նորաշեն, Քաղցրաշեն, Վերին Արտաշատ ու մի քանի այլ գյուղերի խաղողագործներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց:
«Մեզ խոստացան, որ գումարը կտան մարտ-ապրիլ ամսին: Ժողովուրդը շիվար մնացել է, հացի փող չունենք: Սալյարկա չունենք, տրակտորները ձրի չեն աշխատում: Եկել ենք կառավարությանը բողոքենք, չգիտենք, մեր խնդրին լուծում կտան, թե չեն տա»,-պատմեցին գյուղացիները:
Նրանց խոսքով, մինչ այս պահը իրենք այգիներում չենք կարողացել աշխատանքներ իրականացրել:
Կառավարության շենքից դուրս եկած վարչապետը Հովիկ Աբրահամյանը լսելով գյուղացիների խնդիրը, արձագանքեց. «Լրիվ հասկացել եմ, հիմա կանչել եմ, նայենք ինչ հնարավորություն ունեն, որ բերեն փողերը տան»:
Գյուղացիներին այս խոսքերն այնքան էլ հավատ չներշնչեցին: Իրենց գումարները չստանալու դեպքում, ասացին, կառավարության շենքի դիմաց են գալու երեխաների ու ընտանիքի անդամների հետ: