Արտյոմ Թավաքալյան. «Հայկական բասկետբոլով հետաքրքրվողների թիվն զգալիորեն մեծացել է»
Ամերիկյան Դելևեր Սթեյտի համալսարանի բասկետբոլի թիմում հանդես եկող Արտյոմ Թավաքալյանը հունիսին կմիանա Հայաստանի ազգային հավաքականին և կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
«Մրցաշրջանն այնքան էլ հաջող չդասավորվեց, քանի որ շատ նորեկներ ունեինք: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում կարող ենք ավելի լավ հանդես գալ: Այդպիսի զգացողություններ ունի նաև թիմը: Այս մրցաշրջանը լավ փորձ էր մեզ համար»,- նշել է Թավաքալյանը:
Նա անցած տարի հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ այս տարի հույս ունի հաջող հանդես գալ ազգային թիմում:
«Սպասում եմ, որ հաջող ենք հանդես գալու Եվրոպայում,- կիսվել է հայ բասկետբոլիստը:- Թե թիմային, թե անհատական արդյունքները կարող են լավը լինել, քանի որ մարզչական լավ շտաբ է աշխատելու մեզ հետ: Կարծում եմ՝ առաջին տեղում հայտնվելու հնարավորություններ ունենք»:
Երիտասարդ բասկետբոլիստը կարծում է, որ տարեցտարի Հայաստանն ավելի ուժեղ հավաքականներով է ելույթ ունենալու Եվրոպայում:
«Հայաստանի ներուժն աստիճանաբար ավելանում է, քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ում հանդես եկող հայ բասկետբոլիստների թիվն աճում է, իսկ մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում բասկետբոլի զարգացման լավագույն ծրագիրն է գործում: Հայկական բասկետբոլով հետաքրքրվողների թիվն զգալիորեն մեծացել է»,- Թավաքալյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: