Գալուստ Սահակյանը` Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին
«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը պատճառաբանել է, թե ինչու է հրաժարական ներկայացրել, ավելին ասել չեմ կարող»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Պողոսյանի հրաժարականով իշխանության ներսում ինքնամաքրման գործընթաց է սկսվել:
Հարցին, թե նրա պատճառաբանությունն արդյոք բավարարո՞ւմ է Սահակյանին, պաշտոնյան պատասխանեց. «Ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես պետք է պատասխանի: Չեմ կարծում, թե դա այն հրատապ հարցն է, որի շուրջ պետք է կարծիքներ հավաքեք»:
Դիտարկմանը, թե Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորային պատմության շուրջ սկանդալը միջազգային մասշտաբի է հասել, Սահակյանն արձագանքեց, որ մամուլով ծանոթացել է այդ պատմությանը և ոչինչ չի կարող ասել:
Նա ավելացրեց, որ Միհրան Պողոսյանի հետ աշխատանքային կամ այլ շփում չի ունեցել:
Մեկ այլ լրագրող հետաքրքրվեց, թե արդյոք իրավական հետևանքներ կունենա՞ Պողոսյանի օֆշորային պատմությունը, ինչին ԱԺ նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, երբ պաշտոնից հրաժարվում են, պետք է իրավաբանական հետևանքներ ունենա: Այլ բան է, եթե մարդը հանցագործ է կամ ինչ-որ մի բան է էդպես կատարել իր կյանքում: Այդ ժամանակ կարող է պատասխան տալ: Բայց պաշտոնից հրաժարվել ու պատասխան տալ…ո՞ւմ պատասխան տա»:
Լրագրողը հստակեցրեց հարցը, թե դատախազությունը արդյոք չպե՞տք է զբաղվի այդ հարցով, չէ որ ի վերջո բարձրաստիճան պաշտոնյան օֆշորային գոտում բիզնես է դրել և պետությանը հարկեր չի վճարել:
«Դրանք մամուլում արտահայտված մտքեր են, դրանք եթե իրողություն լինեն ու հակասեն մեր երկրի օրենսդրությանը, բնականաբար, ոչ միայն ինքը, այլ ցանկացած մարդ պետք է պատասխան տա», -ասաց Գալուստ Սահակյանը:
Ավելին, նա նաև չբացառեց Միհրան Պողոսյանի` այլ պաշտոնում լինելու հնարավորությունը:
Հիշեցնենք` «Հետք» պարբերականը այս ամսվա սկզբին հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերություննների։
Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
«Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու», -ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյանն այնպիսի «հուզիչ» նամակ էր գրել, ասես, պարտավոր ենք շնորհակալություն հայտնել իրեն. «168 Ժամ»
- ԴԱՀԿԾ պետը հրաժարական ներկայացրեց
- Միհրան Պողոսյանի դեմ դիմում՝ Էթիկայի հանձնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան